Վերջին օրերին ականատես եղանք մի իրավիճակի, երբ ԲՀԿ-ի «լուսանցքում հայտնվելուն» զուգահեռ կուսակցության շարքերը սկսեցին մեկը մյուսի ետևից լքել ազգընտիրներ, կուսակցության առանցքային գործիչներ, կուսակցության շնորհիվ տարիներ շարունակ բազմաթիվ ծանրակշիռ պաշտոններ զբաղեցրած երևելիներ:
Անկախ ամենատարբեր հիմնավորումներից` վերջիններս իրենց այդ արարքով վերստին հաստատեցին այն իրողությունը, որ կուսակցությունն իրենց համար լոկ միջոց է եղել պաշտոնի հասնելու համար: Ֆորս-մաժորային այս իրավիճակում, բնականաբար, պետք է մտածել պաշտոնը` ասել է թե բիզնեսը պահելու մասին:
Այս դեպքում ավելորդ է խոսել կուսակցական գաղափարախոսության, կոչման կամ նվիրման մասին, քանի որ գործ ունենք ոչ թե գաղափարակիր մարտիկների, այլ այսպես կոչված «վայ-կուսակցականների» հետ: Այդպիսիների ծոցագրպաններում սովորաբար միշտ գտնվում են տարբեր կուսակցությունների հերթապահ անդամատոմսեր: 
Արդար չէ, հարգելիներս, և ոչ էլ ճիշտ:
Օրերից մի օր ձեռքներդ տանելու եք ձեր ծոցագրպանն ու… հուսախաբ եք լինելու: Ծոցագրպանից հանելու եք ոչ թե տվյալ պահին «հարց լուծող կուսակցության» անդամատոմսն, այլ ժողովրդից ձեզ փոխանցված կարմիր քարտը: Ու այդ պահին կհայտնվեք ոչ թե լուսանցքում, այլ ընդհանրապես խաղից դուրս վիճակում:
Ի դեպ, ձեր առաջնորդն իսկապես ազգանվեր քայլ կատարեց. խուսափեց մայդանածին արյունահեղությունից ու եղբայրասպան դավադրություններից: 
Գոնե դա առաքինի էր… 
Նա իր ընտրությունը միանգամից և կտրուկ կատարեց, իսկ դուք ցմահ մնալու եք փնտրտուքների մեջ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել