image«Դիտել էի բազմաթիվ ֆիլմեր Արևմտյան Հայաստանի մասին, որտեղ ամեն ինչ կար` եկեղեցի, խաչքար, քաղաքներ… Սակայն ուղևորությունից հետո բոլոր այդ ֆիլմերն աչքիս անկատար երևացին, որովհետև այնպիսի տպավորություն էր, թե դրանց հեղինակները չեն նկատել մեր պապերի երկրի, մեր հայրենիքի աներևակայելի բնությունը, համենայն դեպս` չեն նկարահանել: Ո՞վ է մեզ ցույց տվել Բասենի սարերը, Դերսիմի անտառները, ձորերը, Կաղզվանի կարմիր բլուրները… Արևմտյան Հայաստանում ես տեսա բոլորովին այլ հայրենիք: Հիմա կարող եմ վստահաբար ասել, որ մենք գրեթե չենք ճանաչում մեր հայրենիքը: Խոսքը միայն Արևմտյան Հայաստանի մասին չէ, այլ նաև այսօրվա Հայաստանի Հանրապետության: Չենք ճանաչում, քանի որ սովորաբար նայում և տեսնում ենք ընդամենը այն, ինչ կա ճանապարհի աջ ու ձախ կողմերում, իսկ ճանապարհից մենք չենք սիրում շեղվել: Մինչդեռ երկրի հարստության 99 տոկոսը ճանապարհներից հեռու է, խորքերում, սարերի հետևում… Խոսքը բնության մասին է:

Իսկ այն ապրումներն ու զգացողությունները, որ ունեցա, բնորոշ են յուրաքանչյուր հայի: Ի՞նչ կարող է զգալ մարդը, որ կորցրել է մի չքնաղ երկիր, դրախտավայր հայրենիք, որտեղ կարող էր արքայավայել ապրել: Իսկ երբ ժողովրդին զրկում են այդպիսի հայրենիքից, նրա հետ ամեն ինչ կարող է պատահել»: Այս խոսքերի հեղինակը կոմիտասագետ Արթուր Շահնազարյանն է, ում ապրումները հոգեհարազատ են բոլոր նրանց համար, ում սրտերը համակված են կարոտի ու վերադարձի հույսով:

Հայրենազրկությունը ցավ է ու միաժամանակ հույսի մի շող՝ վարդագույն ապրումներով ողողված: Գնացողները լալիս են, խորը հոգոց հանում՝ քաջ գիտակցելով, որ հանձնվում են բախտի քմահաճույքին՝ անորոշության ուղին բռնած. իսկ վերադարձողներն ընդհակառակը՝ ներգաղթյալին բնորոշ, պապենական հողին ոտք դրած հպարտ ու երանելի ժպիտով իրենց գալուստն ավետում: Սա կյանքի մի էջ է, որին դատապարտված է յուրաքանչյուր բանական էակ: Դժվար կացությունը երբեմն իր խորը, անդառնալի ու վարակիչ հիվանդությամբ ախտահարում է «ներսդ» ու իր ճիրաններով ստիպում բռնել գաղթի ճամփան:

Շարունակությունը՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել