Այս տարվա փետրվարի 10–ին Sobesednik–ին տված հարցազրույցում Նեմցովը մտավախություն էր հայտնել, որ Պուտինն ուզում է իրեն սպանել. «Ես այդ մասին դեռևս իմ մայրիկի հետ եմ կիսվել, բայց ժամանակն է, որ բոլորն իմանան։ Ես երբեք չեմ թաքցրել իմ քաղաքական հայացքները և գտնում եմ, որ հենց Պուտինն է պատերազմ սանձազերծել Ուկրաինայում։ Նրան տանել չեմ կարողանում, մանավանդ «Նորդ–Օստ»–ից և Բեսլանից հետո»,– ասել էր նա։

Իր հայացքներով քաղաքական գործիչը հաճախ կիսվում էր մոր հետ.


–Իմ սիրելի մայրիկի անունը Դինա Էյդման է, տա Աստված, նա մարտին կդառնա 87 տարեկան։ Չնայած նա ինձ պես տանել չի կարողանում Պուտինին, բայց վրդովվում է, երբ ես վիրավորում եմ նրան. «Ինչո՞ւ ես նրան վիրավորում։ Նա մի օր քեզ կսպանի դրա համար»,– անընդհատ կրկնում է նա։

Լրագրողի այն հարցին, թե նման խոսակցություններից և մոր հորդորներից հետո արդյո՞ք նա սկսել է վախենալ, որ Պուտինն անմիջականորեն կամ միջնորդի միջոցով իրեն կարող է սպանել, նա պատասխանել է.

–Գիտե՞ք, այո, մի քիչ։ Ոչ այնպես, ինչպես մայրս, բայց ամեն դեպքում... Բայց ամեն դեպքում ես նրանից այդքան չեմ վախենում։ Եթե այդքան վախենայի, ապա դժվար թե ընդդիմադիր կուսակցություն ղեկավարեի, դժվար թե զբաղվեի մի բանով, ինչով զբաղվում եմ։ 

–Հուսանք՝ առողջ բանականությունը կհաղթի, և Պուտինը Ձեզ չի սպանի,–զրույցը եզրափակել էր լրագրողը։

–Տա Աստված։ Ես էլ եմ հուսով,– հավելել էր Նեմցովը։

Սա նրա վերջին հարցազրույցն էր։ 

Ինչպես արդեն տեղեկացրել էինք, այսօր Մոսկվայում մեջքին արձակած 4 կրակոցով սպանվել է ռուս ընդդիմադիր քաղաքական գործիչ, «Հանդուրժողականություն» դեմոկրատական շարժման հիմնադիր անդամ և լիդեր, «РПР-ПАРНАС» կուսակցության փոխնախագահ Բորիս Նեմցովը։

Բորիս Նեմցովը` մոր հետ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել