Իմ ընկեր Միքոյի զակազով
Տարիների հետ աղոտացող իմ մանկական հուշերում առաջին թուրքական ռումբը Ստեփանակերտի վրա ընկավ հոկտեմբերյան մի պայծառ օր, երբ կեսօրից հետո դժկամորեն դեպի հորիզոն գլորվող արևը մահացողի հանկարծահաս շռայլությամբ աշնանային նուրբ ոսկի էր սփռել մեր դպրոցի բակով մեկ:Մասնաշենքի մուտքում կանգնած անգլերենի երիտասարդ ուսուցչուհին ինչ-որ տեղ վերևում սուրացող և քաղաքի թաղամասերից որևէ մեկում պայթող ՙ Ալազանի ամեն ճայթյունի հետ տարօրինակորեն համաչափ ցնցում էր իր բարալիկ ուսերը՝ սեփական վախի այդ զարմանահրաշ պարին գամելով մեր՝ թոկից փախած ավազակներ թվալ ջանացող, բայց իրականում զգայուն ու բարի երեխաների ապշած հայացքները:
Այդ կարճատև հրետակոծությանը զոհեր կամ նշանակալի ավերածություններ չհետևեցին, ու մինչ պատերազմի թափ առնելը մնացած վերջին խաղաղ օրերի մեր պատանեկան խաղերի չարաճճի ժխորում այդ դրվագը մոռացվեց-կորավ…
Մոտալուտ պատերազմի առաջին ծիծեռնակները Մի-26 հսկայական բեռնատար ուղղաթիռներն էին. այդ խառնակ տարիներին մարդիկ բնությունը նախընտրում էին սիրել առանց ավելորդ աղմուկի, հոգու հեռավոր մի անկյունում, բնապահպաններ չկային, և զինվորական մոտոսղոցին որևէ մեկը չարգելեց կտրել մեր քաղաքային մարզադաշտի տրիբունաներից վերև կառուցված վազքուղին երիզող գեղանի բարդիները, մարզադաշտը հաստափոր Մի-26 երի համար պիտի դառնար թռիչքահրապարակ:
Մարզադաշտում վայրէջք կատարելու ընթացող ուղղաթիռները մեր թաղամասի վրայով արդեն անչափ ցածր էին թռչում, տների թիթեղյա տանիքներին գրեթե քսելով անիվների արանքից կախ ընկած իրենց կապարագույն փորերը,իսկ մեզ թվում էր՝ բավական է ձեռքդ մեկնես և կարող ես կախվել նրա անիվներից ու հայտնի հեքիաթի գորտ-ճամփորդուհու պես իրականացնել ձգողականության ուժը հաղթահարելու մարդու վաղեմի երազանքը…
Ամեն ուղղաթիռի հետ մեր մշտապես նիրհած փողոցի կյանքն էին ներխուժում բազմահազար ձիաուժերի խենթությամբ պտտվող պտտաթևերի քշած օդի ռիթմիկ թրթռյունը ու 20 տոննա բեռ բարձրացնելու ունակ շարժիչի աղմուկը, որը մանկական երազանքների մի անհաղթահարելի ուժով ստիպում էր մեզ գլխապատառ վազել դեպի մարզադաշտ՝ մեր խեղճ մայրիկներին պարգևելով տագնապի հերթական րոպեներն ու ժամերը, սեփական տագնապի ամեն վայրկյանի դիմաց նրանք հետո մեզ պատժոմ էին մայրական անչար նախատինքներով՝ դեռ չկոշտացած ու նուրբ մեր հոգիներում առաջացնելով ափսոսանքի ու խղճի խայթի լացացնելու ունակ մի պայթուցիկ խառնուրդ, որը ,սակայն, անէանում էր ճիշտ այն պահին,երբ երկնքում երևում էր հերթական հսկան:
Տարիներ հետո պիտի հասկանայինք,որ այդ հսկա ուղղաթիռները արդեն հոգեվարք ապրող հսկա կայսրության վերջին մոհիկաններն էին, որ նրանց ամեն թռիչքը անդառնալիորեն մոտեցնում էր մեր և թուրքի բացահայտ կռվի պահը, որտեղ պիտի ապավինեինք միմիայն մեր ուժին ու մեր ոգուն, իսկ ես չէի կարող պատկերացնել,որ մի քանի ամիս հետո իմ տեսած հաջորդ ուղղաթիռը արդեն կրակելու է իմ վրա…
Չէ, այնուամենայնիվ Մի-26-երը բարի հսկաներ էին….

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել