Tert.am-ը գրում է․

Անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած և հայկական հողի վրա ծանր հանցագործություններ կատարած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամի՝ Դիլհամ Ասքերովի  և  Շահբազ Գուլիևի հայտարարությունները հանագործների մոտ տարածված սովորական պրակտիկա են:

Tert.am –ի հետ զրույզում այս մասին ասաց Լեռնային Ղարաբաղի Նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանը՝ ի պատասխան հարցի, թե նման հայտարությունները կարո՞ղ են պայմանավորված լինել այսպես կոչված՝ հող նախապատրաստելով, որ իրենք ծանր հանցագործներ չեն և կարող են հանձնվել ադրբեջանական կողմին:

«Իրավական հարթությունում շատ են նման երևույթներ տեղի ունենում, երբ հանցագործները իրենց մեղքը ճանաչելուց հետո փորձում են ինչ-որ ձևով թեթևացնել իրենց պատիժը, և այդպիսի նամակներով դիմում են հանրությանը, իշխանություններին: Եվ այս դեպքն էլ բացառություն չէ »,- ասաց Դավիթ Բաբայանը:

Հիշեցնենք, որ ԼՂՀ Վերաքննիչ դատարանում այսօր  տեղի  ունեցած դատական նիստին  անցած տարվա հուլիսին Շահումյանի շրջանով ԼՂՀ պետական սահմանն ապօրինաբար հատած ադրբեջանական հետախուզական-դիվերսիոն խմբի երկու անդամի՝ Դիլհամ Ասքերովի  և  Շահբազ Գուլիևի  գործով վերաքննիչ դատական նիստին վերջիններս հայտարարել են, թե համաձայն չէին ԼՂՀ ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի կայացրած որոշման հետ, քանի որ  ղարաբաղաադրբեջանական սահմանը հատելիս չեն գիտակցել, որ այն անում են ապօրինաբար, լրտեսություն չեն կատարել և սպանության մեջ իրենց մեղավոր չեն ճանաչում։   «Ադրբեջանի հատուկ ծառայությունների հետ ես կապ չեմ ունեցել և չգիտեմ՝ Հասան Հասանովը (հանցախմբի սպանված անդամը) արդյո՞ք եղել է Ադրբեջանի հատուկ ծառայությունների աշխատակից, թե՞ ոչ»,-դատական նիստի ժամանակ ասել  է Դ. Ասկերովը:

Հիշեցնենք նաև, որ ԱՄՆ Պետդեպը, իսկ դրանից առաջ տարածաշրջանային այցով Բաքվում գտնվող ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդը կոչ էին արել, որպեզի հայկական կողմը մարդասիրական մոտեցում ցուցաբերի և Ադրբեջանին հանձնի հանցագործներին:

Ինչ վերաբերում է Ասկերովի այն հայտարարությանը, որ ինքը չի սպանել երիտասարդին, այլ դա արել է  խմբի երրորդ անդամը՝ սպանված Հասանովը, ապա Դավիթ Բաբայանը նկատեց.«Սրանով փորձում է  հիմա էլ մեղքը դնել սպանված ադրբեջանցու վրա, իրենց ընկերոջ վրա: Դա  ամենահեշտ ձևն է, քանի որ մեռածները չեն խոսում»:

Բաբայանը հիշեցրեց, որ մինչ այս ընթացել է բաց, թափանցիկ դատավարություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել