Իմ քաղաքական տեսության ելակետը հետևյալն է. Հայաստանի Հանրապետական կուսակցությունն (ՀՀԿ) ավելի քան 3-4 հազար պաշտոնատար անձանց ներառող միություն է, որոնք պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, բանակի, տնտեսության պետական սեկտորի, կրթության և առողջապահության բնագավառներում միմյանց հետ կապված են կոռուպցիոն կապերով: Մոտավոր հաշվարկներով՝ այս հանցավոր խմբավորման անօրինական եկամուտները տարեկան հասնում են 1 մլրդ դոլարի: Հիմքեր կան ենթադրելու, որ այս գումարի կեսից ավելին յուրացնում են մոտ 100 մարդ: Այս հանցավոր համակարգը գործում է շնորհիվ քաղաքական վերահսկողության, որ իրականացնում է ՀՀԿ-ն՝ կառավարության, ազգային ժողովի, ԱԺ հանձնաժողովների, պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների, դատախազության, քրեական հետախուզության, ոստիկանության, դատարանների և բանակի վրա: Քաղաքական այս վերահսկողությունը ձեռք է բերվում ընտրությունների ժամանակ՝ պետական իշխանության ուզուրպացիայի՝ ընտրողներին ահաբեկելու և կաշառելու, քաղաքական ընդդիմախոսներին ճնշելու և ԶԼՄ-ների միջոցով սուտ տեղեկատվություն տարածելու միջոցով: Այս հանցավոր համակարգի գործունեությունը սպառնալիք է Հայաստանի ազգային անվտանգության համար, քանի որ զրկում է մեր ժողովրդին քաղաքական, տնտեսական, սոցիալական և մշակութային զարգացման հնարավորությունից, ինչպես նաև անշեղորեն նվազեցնում է արտաքին հարձակումներից պաշտպանվելու նրա ունակությունը:

Մարդկանց միավորումը քաղաքական կուսակցության մեջ՝ ներկա և գալիք սերունդների հաշվին անձնական անօրինական հարստության կուտակման նպատակով, հակասում է Հայաստանի սահմանադրության հիմնարար դրույթին, համաձայն որի՝ պետության իշխանությունը պատկանում է ժողովրդին: Ակնհայտ է, որ ժողովրդավարական պետությունը չի կարող ճանաչել ժողովրդին կեղեքելու նպատակով ստեղծված քաղաքական ուժի իրավահավասարությունն այլ հասարակական միավորումների նկատմամբ, որոնց նպատակն է պաշտպանել ժողովրդի և նրա տարբեր սոցիալական խավերի օրինական շահերը: Այդ պատճառով, ըստ իս, հայ ժողովրդի համար բարիք է այն քարոզչությունը, որը կոչ է անում հասարակությանը միավորվել ՀՀԿ-ին անօրինական ճանաչելու նպատակով, զրկել նրան ընտրություններին մասնակցելու հնարավորությունից, հեռացնել պետական իշխանության բոլոր լծակներից, հանձնել այդ կուսակցության ղեկավար կազմին արդարադատությանը և առգրավել անօրինական ճանապարհով կուտակած հարստությունը Այս չափանիշից ելնելով՝ ես կեղծ եմ համարում ինստիտուցիոնալ ընդդիմության հայեցակարգը, որն ընդունում է ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցելու իրավունքը և իր առաջ խնդիր է դնում այդ ընտրություններին ստանալ ժողովրդի վստահության քվեն՝ հետընտրական շրջանում իշխանափոխություն իրականացնելու համար: Ընդդիմության իրական նպատակը համախմբելն է ժողովրդին, որպեսզի ուժով թույլ չտան ՀՀԿ-ին մասնակցել ընտրություններին: Հայաստանում ազատ և անկախ կարող են լինել միայն այն ընտրությունները, որտեղ ՀՀԿ-ն չի մասնակցում: Ինչ վերաբերում է Օրինաց Երկիր և Բարգավաճ Հայաստան կուսակցություններին, ապա լավագույնը, որ նրանք կարող են անել հայ ժողովրդի համար, ինքնալուծարումն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել