Tert.am-ը գրում է․

ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը հետաքրքրվեց ադրբեջանական դիվերսիոն խմբից, որի անդամներին Ադրբեջանին հանձնելու համար ԱՄՆ-ն միջնորդությամբ է հանդես եկել:

«Խոսքը վերաբերում է այն դիվերսիոն խմբին, որը վնասազերծվեց Ղարաբաղում, դատավարությունը կատարվեց, բայց հիմա միջնորդությամբ է հանդես եկել ԱՄՆ-ը, և ես մտահոգություն ունեմ, որ նորից հարցը տեղափոխվի այլ հարթություն, նենգափոխվի էությանը, որովհետև մենք հստակ գիտենք, թե այս հարցի հետ կապված Ադրբեջանն ինչ քաղաքականություն է վարում»,-ասաց նա:

Ռուստամյանի խոսքով՝ Ադրբեջանն ամեն ինչ շուռ տված է ներկայացնում միջազգային հանրությանը՝ ասելով, որ չկատարված հանցագործությունը գոյություն չունեցող պետությունը դատապարտում է գոյություն չունեցող դատարանով:

«Եթե խնդիրը տեղափոխվում է մարդասիրական հարթակ, ինչպես դա ներկայացվում է միջնորդության մեջ, Ադրբեջանն ինքն այդ մարդասիրական հարթակից դուրս է գործում, ամեն ինչ տեղավորում է իր քարոզչության շրջանակների մեջ: Եթե մենք ադեկվատ պատասխան չտանք, տեսնում եմ, որ քայլեր կատարվում են, ու շատ քայլեր էլ ճիշտ են կատարվում, բայց համակարգված պետք է այս խնդրին վերաբերվել, և եթե ուզում ենք բացել, դիմակազերծել Ադրբեջանի կողմից վարվող նենգ քաղաքականությունը, սա հարմար առիթ է, որ այս օրինակով ցույց տանք»,-ասաց նա:

ՀՅԴ պատգմավորի խոսքով՝ հայկական կողմը պետք է ճանաչի, որ ԼՂՀ-ն գոյություն ունեցող անկախ պետություն է:

«Այն պետք է ճանաչեն, ու միջնորդները պետք է մեզ դիմելուց առաջ պահանջեն Ադրբեջանից, որ նրանք հրապարակավ խոստովանեն, որ նրանք հանցագործներ են, որ պաշտոնական Բաքուն մինչև օրս հանդես չի եկել: Ի՞նչ քայլեր են արվում այդ ուղղությամբ»,-հարցրեց Ռուստամյանը:

ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը պատասխանեց, որ այդ դիվերսանտների կողմից կատարված հանցագործությունները բացահայտված ու ապացուցված են, ներառյալ 17-ամյա պատանու առևանգումը, խոշտանգումն ու դաժան սպանությունը:

«Միջազգային հանրությունը քաջատեղյակ է, թե ինչպես են հերոսացնում ու ընդունում մարդասպաններին Ադրբեջանում, ինչպես եղավ տխրահռչակ Սաֆարովի հետ, որը միակ դեպքը չէր: Բնական է, որ քաղաքակիրթ աշխարհը խոսում է մարդասիրությունից, բայց ի՞նչ մարդասիրության մասին կարող ենք խոսել Ադրբեջանի պարագայում, Ադրբեջանում հայտնված քանի հայազգի քաղաքացիական անձինք ադրբեջանցիների կողմից ահաբեկիչների ոճով նվաստացվել են կամերաների առաջ, ապա սպանվել: Կամ ի՞նչ մարդասիրությամբ էին առաջնորդվում Բաքվում, երբ մերժեցին Մինսկի խմբի, Կարմիր Խաչի, ԵԱՀԿ-ի կոչերը, որ պայմաններ ստեղծվեն, որ տեղահանվեն ուղղաթիռի անկման վայրից ուղղաթիռի անձնակազմի աճյունները»,-հայտարարեց նա։

Նախարարը շեշտեց, որ բոլորն էլ գիտեն՝ «Բաքվի մարդասպաններն ինչպես են վերաբերում իրենց քաղաքացիներին», խոշտանգում են մարդասիրության ու խաղաղության ջատագովներին:

«Այս ամենը ցույց է տալիս, որ Ադրբեջանը յուրովի է հասկանում ու ընկալում մարդասիրությունը»,-ասաց նա:

Նախարարը նաև հերքեց այն լուրերը, որ տարածել էին ադրբեջանցիները, թե եռանախագահներն այդ հարցը բարձրացրել են այստեղ հանդիպման ժամանակ:

Ռուստամյանը նշեց, որ իր մտահոգությունն այն է, որ Ադրբեջանն այսօր պահանջում է, որ այդ անձանց վերադարձվեն: «Եվ եթե այս ֆոնի վրա մենք իրականությունը չներկայացնենք ու համապատասխան դիվանագիտական քայլեր չկատարենք, եթե հանկարծ Աստված մի արասցե, մենք գնանք այդ քայլին ու վերադարձվեն, կնշանակի Ադրբեջանի հաղթանակ քարոզչության դաշտում»,-նկատեց պատգամավորը:

ԷդվարդՆալբանդյանն էլ պատասխանեց, որ Հայաստանում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչներին ներկայացվել են համապատասխան փաստերը: Նա նաև կոչ արեց զգույշ լինել ձևակերպումների առումով՝ Վիկտորիա Նուլանդի խոսքի հետ կապված:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել