jen-psaki.siԸնթերցելով մի շարք ռազմահայրենասիրական կոչեր, որոնցով ոչ անկողմնակալ աշխարհաքաղաքական հայացքներ ունեցող համաքաղաքացիներ կոչ են անում «հայհոյել» այս խեղկատակ կնոջը՝ որոշեցի արձագանքել: Միանում եմ Փսակիին ուղղված բոլոր «բարեմաղթանքներին», բայց...

1. «Բարեմաղթանքներ» եմ հղում նաև ՌԴ ծագումով հայ արտգործնախարարին, ով հայտարարել է, որ Ռուսաստանը հայկական կողմի հետ կքննարկի Դիլհամ Ասքերովի արտահանձման հարցը։

2. «Բարեմաղթանքներ» եմ հղում նաև մեր արտաքին կապերի համապատասխան պատասխանատուներին, ովքեր, ի պատասխան այս կոչերի, պաշտոնապես չեն խնդրում ԱՄՆ-ին օրինակ ծառայել և, ի նշան հումանիզմի, մահապատժի չենթարկեն և Իսլամական պետությանն արտահանձնեն Ջոխար Ցարնաևին, ով մեղադրվում է Բոստոնյան մարաթոնի ժամանակ իրականացված ահաբեկչական գործողությունը կազմակերպելու և իրականացնելու մեջ: Մի՞թե այդ դեռատի պատանին արժանի չէ վերջիններիս կողմից քարոզվող «հումանիզմին»:

3. «Բարեմաղթանքներ» եմ հղում բոլոր այն պաշտոնյաներին, ում մեջ խոսեց ստրուկը, և հաղթեց այն համոզմունքը, որ Դիլհամ Ասքերովից ոչ պակաս տականք Պերմյակովը պետք է դատվի և հարցաքննվի ռուսների կողմից:

4. «Բարեմաղթանքներ» եմ հղում բոլոր այն անձանց, ովքեր իրենց անուրանալի դերն են ունեցել մեր պետականության այն աստիճանի թուլացման և երկրի վասալացման հարցում, որ երրորդ երկրների ցածր կալիբրի նման գործիչներ իրենց իրավունք են վերապահում անպատասխան վերբալ բամփել մեր հասարակությանը: Բոլոր նրանց, ովքեր մեծ հրճվանք են ապրել, երբ մեր երկիրն անվանել են «ֆորտ պոստ»:

5. «Բարեմաղթանքներ» եմ հղում բոլոր նրանց, ովքեր իրենց անուրանալի դերն են ունեցել այն իրավիճակի ստեղծման հարցում, որում մեր քոչվոր հարևաններն իրենց թույլ են տալիս մեզ հետ խոսել ուլտիմատումներով:

Հետգրություն.

Հայաստանի ներկայիս դրությունը հիշեցնում է Արտաշիսյանների դինաստիայի անկման և դրան հաջորդած ցավալի ժամանակահատվածը, երբ  գերտերություններմ իրենց «կլիենտ թագավորներին» տեղադրում էին Հայոց գահին: Այդ ժամանակահատվածի իրադարձությունները Հայաստանում, ի դեպ, իրենց ուրույն արտացոլումն են ստացել եվրոպական մշակույթում: Այդ ժամանակահատվածի հայաստանյան իրադարձությունների հիման վրա գրվել է մոտ 6 օպերա-լիբրետո, որոնցից ամենահայտնին է ճանաչված կոմպոզիտոր Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի «Ռադամիստը»: Վրացու և պարսիկի՝ Հայոց գահի համար պայքարի մանրամասների մասին նունքան ցավալի է կարդալ, որքան այս կամ այն գերտերության պրոպագանդան իրականացնող համաքաղաքացիների և կայքերի քարոզչությունը: Զգացմունքային քարոզչության արդյունքում երկուստեք կոծկվում է այն կարևոր փաստը, որ իրավիճակի մեղավորները ոչ թե Մոսկվայում և Վաշինգտոնում են, այլ ՀՀ-ում՝ Երևանում և հենց մեզանում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել