Tert.am-ը գրում է․

Վիճակը վիճակ չէ, մեզանից ուզում եք լուծումներ, իհարկե լուծումներ կան, բայց եթե չեք գտնում, որ վիճակը վատ է, ինչպե՞ս լուծում տանք. ԱԺ պատգամավորների 1/3-ի նախաձեռնությամբ ներկայացված «Կառավարման ճգնաժամը հաղթահարելու ուղիները» հարցի քննարկմանը ԱԺ «Հայ ազգային կոնգրես» խմբակցության անունից մեծամասնությանը դիմելով ասաց ՀԱԿ քարտուղար Արամ Մանուկյանը:

«Խնդիրը չնկատելը կամ չնկատելու տալն իրավիճակը չի լավացնում»,- նշեց նա և հավելեց , թե ռեալության հետ հաշվի նստել է պետք, դրա մեջ է իշխանության նկատմամբ վստահությունը:

«Փաստերով խոսելն ամենաուժեղ գործիքն է քաղաքականությնա մեջ»,- ասաց նա և նշեց, որ 100 հատ փաստ է ներկայացրել, բայց այդպես էլ հակափաստ չի ստացել: 

Նա ընդգծեց, որ 100-ից մեկում դրական կա, որի մասին իրենք խոսում են, ինչպես օրինակ այն, որ  առաջընթաց կա քաղաքացիական հասարակությունում: 

Արամ Մանուկյանը փաստերից խոսելով՝ ներկայացրեց Հարավային Կովկասում տեղի ունեցած հարցախույզի արդյունքները. այն հարցին, թե որն է երկրում ներկա պահին թիվ մեկ խնդիրը, հարցված հայաստանցիներն առանձնացրել են գործազրկությունը՝ 45% և արտագաղթը՝ 80%: Հարցին, թե ճիշտ ուղղությամբ է արդյոք զարգանում Հայաստանը, հարցվածների միայն 9 %-ն է դրական պատասխանել, Հայաստանը դեմոկրատական է համարել միայն 3%-ը:

Արամ Մանուկյանը նաև անդրադարձավ նորաստեղծ հակակոռուպցիոն հանձնաժողովին և հարցրեց, թե որքան տրամաբանական է, որ դրա հանձնաժողովում ընդգրկված է այնպիսի պաշտոն զբաղեցնող մարդ, ում վերահսկողության տակ է գտնվում հարկային դաշտն ու պետական բյուջեն:

Վերջին կարևոր խնդիրն, ըստ Մանուկյանի,  ազատ մարդու գոյությունն է, որին իշխանությունն իր քաղաքականությամբ փորձում է սահմանափակել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել