Tert.am-ը գրում է․

Գյումրիում սպանված Ավետիսյան ընտանիքի իրավահաջորդները՝ հարազատները, այսօր Գյումրիի գերեզմանատանը նրանց քառասունքի արարողության ժամանակ հայտարարեցին, որ  նախաքննական մարմնից առ այսօր ոչ մի պատասխան չեն ստացել

«Ոչ մի հարցի պատասխան էլ չենք ստացել կոնկրետ, ու մինչև այսօր ոչ մեկս ոչինչ չգիտի, ու ինձի կթվա, որ հլը երկար ժամանակ էլ չեն ասի, մինչև իրենք ...  չգիտեմ»,- ասաց Ավետիսյանների հարազատներից մեկը:

Ըստ որում, նա նկատեց. «Լավ հասկացանք՝ նախաքննական գաղտնիք է, բայց որոշ հարցեր կան, որ կարող են ժողովրդին ասեն՝ ում հեռախոսն է տարել, ում շորերն է հագել, ոչ մի  կոնկրետ բան։ Հարազատը պետք է գիտենա, որ կողմնորոշվի, որ կարողանանք այս ասեկոսներին  դեմն առնենք»։ Այնուհետև նա ավելացրեց, որ եթե այսպես շարունակվի ևս մեկ ամիս՝ «սաղս ոտքի կկանգնենք և կբողոքենք»:

Նա որպես ամփոփում նշեց, որ իրենց պահանջը միակն է՝ գտնել հանցագործին: «Ավելի ճիշտ՝ հանցագործներին»,- ասաց Ավետիսյանների ազգականը:

Նրա կողքից արտասվող ազգականուհին ավելացրեց. «Ստույգ   գիտենանք, որ հանգստանանք, թեպետ դա մոռանալու բան չէ»:

Իսկ Ավետիսյանների քեռու աղջիկը, որ Ավետիսյանների հետ նույն տան բակում էր ապրում մինչև այս ողբերգությունը, արտասվելով ասաց, որ այդ օրվանից այս բակ չի մտնում, տանը չի գիշերում: «Մեղք ենք հասկացեք, գտեք, գտեք, մեզի ըսեք՝ ինչն էր պատճառը»,- ասաց նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել