Գիտության զարգացման մասին մտածելիս երբեմն անսպասելի գաղափարների կարելի է հանգել: Օրինակ` էն աշխարհ ուղարկելու:

Մեր Երկիր մոլորակում ընդունված է մարդկանց էն աշխարհ ուղարկելը: Եթե երկու հոգի իրար հետ խիստ վիճում են, ապա կողմերից մեկը կարող է մյուսին այն աշխարհ ուղարկել: Եթե խիստ վիճում են մի խումբ մարդիկ, ապա հավաքվում են որևէ տեղանքում, ասենք` Ավարայր անունը կրող, և սկսում են զմիմյանս այն աշխարհ ուղարկել: Ու ոչ միայն զմիմյանս, այլ զփիղս և զնժույգս:
Հիմա կան այն աշխարհ ուղարկելու` հազարամյակներով մշակված տարբերակներ` դանակներից մինչև ջրածնային և ատոմային ռումբեր, հրթիռային համակարգեր, քիմիական զենքեր և նույնիսկ` հայկական սերիալներ:
Մինչ ես ալյումինե գդալով խառնում եմ թեյս, դուք երևի մտածում եք, թե ի՞նչ կապ ունի վերը զառանցածս գիտության հետ: Այն կապն ունի, որ մարդկանց կարելի է այԼ աշխարհ ուղարկել հանուն գիտության: Խոսքս այն մարդկանց մասին չէ, ովքեր իրենց մարմինները կտակում են պատալոգաանատոմներին ի ուրախություն:
Մարդկանց կարելի է դնել հրթիռ-կապսուլայի մեջ և ուղարկել տիեզերք: Հեռու: Նախապես հաշվարկված ուղեծրով: Կենսական ապահովման միջոցներով: Մարդկանց ուղարկել Մարս, Յուպիտեր, Արեգնակային համակարգից դուրս, էս աշխարհից հեռու, ԱՅՆ, ԱՅԼ, ԷՆ աշխարհ: Եթե նայենք, թե քանի մարդ է սպանվել հոմո սապիենսների պատմության վերջին հարյուրամյակում, ապա այդ հարյուր միլիոնավոր կապսուլաներից մեկն ու մեկը անպայման հասած կլիներ որևէ տեղ...
Այնպես որ, սիրելի բանդիտներ, նառկաման խուլիգաններ, գեներալներ, տեռորիստներ, սերիական մարդասպաններ և հայկական սերիալների ողջ անձնակազմ, մտածեք, թե որ աշխարհն եք ուղարկելու ձեր զոհերին:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել