Մինչ ես միացնում եմ թեյնիկը և սպասում, որ ջուրը եռա, ընկերս պատմում է այլմոլորակայինների մասին: Ասում է, որ նրանք ապրում են բոլորովին ուրիշ կյանքով, նրանց համար անհասկանալի են մեր աշխարհի սովորական հոգսերը և պրոբլեմները, մեզ էլ անհասկանալի են նրանց կյանքի ճոխություններն ու թեթևությունը: Փաստացի, ընկերոջս պատկերացմամբ, գոյություն ունի բոլորովին այլ իրականություն, որտեղ աստղերն ապրում են իրենց ուրույն կյանքով, որը, նորից է անհրաժեշտ շեշտել` ոչ մի աղերս չունի մեր ապրած կյանքի հետ:

«Արի ցույց տամ»,- ասում է ընկերս և տանում ինձ համակարգչի մոտ, ինչ-որ բան հավաքում ստեղներով Յութուբի որոնման դաշտում. «Ահա»,- ասում է. «Նայիր»: Նայում եմ: Յութուբի տեսանյութում կարմիր գորգ է: Ոչ ոք դեռ չի երևում, բայց զգացվում է, որ իրավիճակն էկրանից այնկողմ լարված է և կա մարդկանց մեծ կուտակում: և ահա, հայտնվում է առաջին այլմոլորակայինը: Նա շարժվում է Մինչ այդ լուռ ու անշարժ կանգնած մարդիկ սկսում են լուսանկարել և տարբեր բաներ գոռգոռալ: Բայց հիմնականում լուսանկարել` ֆոտոխցիկի ուժեղ լույսերով: Շրխկ-շրխկ: Այլմոլորակայինը հագնված չէ ինչպես մենք, և ընդհանրապես` դատելով սանրվածքի և գլխի կառուցվածքից, կոշիկների բարձրությունից և դեմքի մարտական գունավորումից` կարելի է միայն մոտավոր ենթադրություններ անել նրա` հումանոիդ լինելու մասին: Այլմոլորակայինը սառը հայացքով նայում է իրեն դիմավորող մարդկանց և անցնում առաջ: Նրա ամեն մի շարժումը զարմանք և աժիոտաժ է առաջացնում հավաքված ամբոխի մոտ: Այլմոլորակայինն ունի գիշատիչ հայացք և նայում է մարդկանց վերևից, ասես միայն իր բարեգթությամբ է, որ իրենք ողջ են: Նրա հետևից գալիս են մյուս այլմոլորակայինները: Ամեն ինչ ընթանում է նույն կերպ:
«Տեսա՞ր»,- ասում է ընկերս: «Ահա»,- պատասխանում եմ։ Բա չտեսա՞: Նույնիսկ այնքան տեսա, որ մոռացա վաղուց եղացած թեյնիկի մասին: Ինչը, սակայն, չի խանգարի թեյ խմելուն: Ես լցնում եմ ջուրը բաժակների մեջ և վերլուծում քիչ առաջ տեսածս: Փաստորեն, կա այլ իրականություն, այդ իրականության մեջ, պաշտպանված լիմուզիններով, կարմիր գորգերով և թիկնապահներով, ապրում են տարօրինակ տեսքով արարածներ, որոնք ժամանակ առ ժամանակ թույլ են տալիս իրենց նկարահանել և զմայլվել իրենցով: Ստացվում է, որ մենք` մարդիկ, հանդուրժում ենք նրանց մեր մոլորակում... մե՞ր: «Նրանք, քո կարծիքով, լա՞վ են ապրում»,- հարցնում եմ ընկերոջս: «Ձե՞ռ ես անռում,  ամենալավ ուտելիքը, ամենալավ լողափները, ամենալավ խմիչքները, ամենալավ ամեն ինչը նրանցն է: Նույնիսկ երկրների ղեկավարները կարող են նախանձել նրանց: Քաղաքական գործիչը ինչքան էլ ուզի, չի կարող դառնալ նրանց պես` անհոգ, հարուստ ու... այլմոլորակային»:
Ես խառնում եմ թեյը ալյումինե գդալով, մոտենում լուսամուտին: Փաստորեն, եթե նրանք` այդ աստղերը, այս մոլորակում ապրում են ավելի լավ, քան մյուս բնակիչները, միգուցե հենց նրա՞նք են տեղացիներ, իսկ մարդիկ այնպես` սպասարկող անձնակազմ են:
Չնայած` եկեք չմոռանանք Ֆաինա Ռենևսկայայի խոսքերը` «Даже за самым красивым павлиньим хвостом скрывается самая обычная куриная жопа. Так что, меньше пафоса, господа».

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել