Ահագին ժամանակ առաջ ցեղի առաջնորդի և այդ կարգավիճակին հավակնող ուրիշ առանձնյակի միջև կոնֆլիկտները լուծվում էին բիրտ ու չոր ֆիզիկական ուժով: Բռնեցիր գլխից, կծեցիր քիթը, ոտը ջարդեցիր, փորը փռթեցիր, աղիքները... մի խոսքով:
Չնայած` ինչո՞ւ միայն ահագին ժամանակ առաջ: Հիմա էլ կան կենդանիներ, որոնք հենց այդպես են լուծում իրենց ներկենդանական հարցերը: Այ, օրինակ, Հնդկաստանում, որտեղ աճում է այն թեյը, որն այս առավոտյան ես խմում եմ, գոյություն ունեն հազար ու մի կենդանիներ, որոնց խմբերի առաջնորդները իրենց ստատուսը պահպանելու համար կենաց մահու կռվի են բռնվում: Կան նաև այնպիսի կենդանիներ, որոնք բավարարվում են մեկմեկու վախեցնելով, ասենք` բարձր գոռում են, մռնչում, ձեռքերով խփում են դոշերին, պոկում իրենց վրայից մորթին ու բմբուլները, ցույց տալիս սեռական օրգանները... Կենդանական աշխարհում սա շատ նորմալ է, ասեք` խի՞: Որովհետև կենդանական աշխարհում ոչ ոք փողկապ չի կապում:
Որովհետև բոլոր կենդանիներից միայն մարդն է հասել էվոլյուցիոն այնպիսի աստիճանի, որ կարող է փողկապ կապել, ընտրություններ կազմակերպել, գնալ պառլամենտ ու կոճակներ սեղմել, հեռուստատեսություններով ելույթ ունենալ, կայք բացել, թերթ բացել, առաջնորդության համար պայքարում սեռական օրգաններ ցույց չտալ...
Չնայած` չի կարելի ասել, որ հենց փողկապն է էվոլյուցիոն մակարդակի ցուցիչը: Հեն ա, տեսեք մարդիկ ինչքան լավ փողկապներ են կապում և ինչեր են ասում, անում... Ես ավելի ու ավելի հաճախ եմ պատկերացնում իրավիճակներ, երբ մեր փողկապավորները իրենց կոկորդ են գզում, խփում, օրինակ` բռնում-քաշում փողկապից ու գլուխը տալիս պատին, հետո քացով քիթուբերնին, ու անդադար քֆրտում, հետո գալիս են ծեծվողի ընկերները, սկսում են գոռալ, աղաղակել, փորձել հարվածել իրենց մրցակցին, քաշել փողկապները, վերջի վերջո` ցույց տալ սեռական օրգանները...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել