Նորից այդ հիմար զարթուցիչը զնգաց :Գրողը տանի,  պետք է արթնանալ, այլապես կուշանամ :Հոգնել եմ արդեն, չեմ ուզում վեր կենալ:Լավ , ուղիղ տասնհինգ րոպե , ու ես վեր կկենամ :Երբ բացեցի աչքերս արդեն քառասուն  րոպե էր անցել :Արագ վեր կացա ու սկսեցի հագնվել : Արագ պատրաստվեցի ու կիսաբաց աչքերով  վազեցի աշխատանքի :Աշխատանքի վայր հասնելուն պես նկարեցի դեմքիս այն լայն ժպիտը, որը պետք է ունենա ցանկացած պարտաճանաչ աշխատող , ու մտա ներս :Բարևեցի բոլորին ու նստեցի իմ սեղանի մոտ :Մի պահ փակեցի աչքերս ու երբ բացեցի , նկատեցի այն հսկայական թղթերի կույտը , որը ես պետք է լրացնեմ :Նորից այդ հիմար թղթերը, տառերը:Այդ պահին հասկացա , որ ատում եմ այդ թղթերը, որոնք ինձ ստիպում են անդադար աշխատել :Ուզում էի մի կողմ նետել դրանք , մի երկու ''քաղցր խոսք '' ասել բոլորին ու դուրս վազել:  Հեռանալ որքան հնարավոր է հեռու ու ուղղակի քայլել, քայլել ազատ ու առանց թղթերի մասին հիմար մտքերի, առանց այդ ձանձրալի աշխատանքի ու հիմար պարտականությունների:
Երկար քայլել , վազել անձրևի տակ, թրջվել ու մի կուշտ ծիծաղել: Մինչև ես տարված էի իմ խելագար մտքերով , տնօրենը ներս  մտավ  ու բոլորը  ոտքի կանգնեցին ;Ես էլ երազանքներից մի կերպ կտրվելով ոտքի կանգնեցի: Նա մի քանի հիմար հանձնարարություն տվեց ու հեռացավ:
Երեկոյան ժամը տասն էր էր ու բոլորը արդեն տուն էին գնացել:Միայն ես էի մնացել իմ թղթերի հետ:Պետք է  վերջացնեի այդ ամենը :Զգացի , որ գլուխս պտտվում է , դեն նետեցի այդ թղթերը  ու դուրս եկա:Արդեն մութն ընկել էր:Որոշեցի մի քիչ քայլել:Գիտեի , որ վաղը տնօրենը բարկանալու է , որովհետև ես աշխատանքը չեմ վերջացրել, բայց դա ինձ ընդհանրապես չէր հուզում :Ուզում էի քայլել ու զգալ  սառը քամին :Երկար զբոսնելուց հետո գնացի տուն  ու միանգամից քնեցի:
Նորից զարթուցիչը զնգաց ու նորից չէի ուզում վեր կենալ :Բարկացած զարթուցիչի ձայնից կամ էլ իմ անկարողությունից, վերցրի զարթուցիչը ու այն շպրտեցի որքան հնարավոր է հեռու ու հանգիստ քնեցի:Երբ արթնացա արդեն երեք ժամ էր անցել:Վեր կացա ու առանց շտապելու սկսեցի հագնվել: Աչքերիս առաջ ամեն ինչ սև էր երևում ու նորից պայծառանում :Չէի հասկանում , թե ինչ է կատարվում շուրջս ,  բոլոր գույները աչքերիս առաջ միախառնվում էին ու վերջում ամեն ինչ դառնում էր սև, չէի կարողանում տարբերել առարկաները,  տեսնում էի , թե ինչպես են անշարժ առարկաները վազվզում այս ու այն կողմ ու չէի կարողանում կանգնեցնել նրանց,չէի կարողանում անջատել ականջիս  տակ անընդհատ զնգացող այդ տհաճ զրնգոցը :Բայց այս ամենը արդեն սովորական էր:Արդեն մի քանի ամիս էր, ինչ գտնվում էի այս վիճակում :Ամեն օր նույնը, ամեն օր նույն աշխատանքը, առանց որևէ հետաքրքրության , առանց ազատության ու հանգստության:Վեր կացա ու հասկացա , որ ուշացել եմ :Գնացի ու սառը ցնցուղ ընդունեցի :Կարոտել էի այն օրերը, երբ առավոտյան արթնանում էի ու ցնցուղ ընդունում առանց շտապելու:Սառը ջուրը վազում էր մարմնիս վրայով ու ես վայելում էի նրա ամեն մի կաթիլը:Չէի մրսում , չնայած նրան , որ  դրսում ցուրտ ձմեռ էր ու ձյուն էր գալիս:Սառը ջուրը սթափեցրեց ինձ  ու ես վերջապես համարձակվեցի կայացնել այն որոշումը, որի մասին այսքան ժամանակ երազում էի , բայց չէի համարձակվում :Ինձ այդ սառը ջուրն էր պետք սթափվելու ու ճիշտ որոշում կայացնելու համար:Նայեցի հատակին  ու տեսա, որ   զարթուցիչը փշուր-փշուր էր եղել:Ես ուրախ ժպտացի, չէ որ այն ինձ այլևս պետք չէր:   Հագա իմ ամենագեղեցիկ շորերը ու գնացի աշխատանքի , բայց այս անգամ իմ դեմքի ժպիտը իրական էր :Մոտեցա աշխատողներից մեկին ու մի ծրար տվեցի նրան' ասելով , որ փոխանցի տնօրենին : Նա ուզում էր ինչ-որ բան ասել , բայց ես ժպտացի ու հեռացա :Ես արդեն ազատ էի, ամբողջովին ազատ ու կարող էի անել այն , ինչ ուզում էի:Քայլում էի փողոցում ու չէի ուզում տուն գնալ:Առատ ձյուն էր գալիս , գրեթե մարդ չկար փողոցում :Բոլորն աշխատանքի էին :Թռչկոտում էի ձյան տակ ու ծիծաղում' ինչպես մի երեխա:Ուրախությունից չգիտեի ինչ անել:Երկար այս ու այն կողմ թափառելուց հետո զանգահարեցի ընկերուհուս ու մենք պայմանավորվեցինք մի ժամից գնալ կինոթատրոն :Ես հասկացա, որ վերջապես ինձ երջանիկ եմ զգում :Ես ոչինչ չէի կորցրել:Միայն մի զարթուցիչ, բայց ես ուրախ էի, որ այդ զարթուցիչը այլևս չի զնգալու:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել