Այ լրատվական բազմագույն կայքեր, այնպես եք գրում «Ծեծն ու բռնությունները շարունակում են իրենց շղթան», կարծես պետք է ընդհատվեին, ու կամ կարծես դուք որևէ խելքը գլխին վերլուծությունով կարողանում եք հանրությանը տեսանելի դարձնել եղելությունը, ճշմարտությունը: Դուք զբաղված եք միայն ինչ-որ մազոխիստական լրատվությամբ ու սրա-նրա ծակ փիլիսոփայությունը տարածելով: Դուք զբաղված եք անձը, այլ ոչ խնդրի էությունը քննելով: Դուք զբաղված եք ամենանողկալի այն արարքով, որ կոչվում է ընտելացնել: Որովհետև երբ երևույթը քննելու փոխարեն անձերի հետ եք հաշիվներ մաքրում, մարդկանց ակամա ընտելացնում եք գետնաքարշ ծեծված իրենց գոյությունը քարշ տալու անելանելի հեռանկարին: Մինչդեռ կարող եք գոնե դրսում ապրող ազատ ապրող ու մտածող մարդկանց հետ զրուցել: Մտքի ու ոգու տարօրինակ մի խնայողությամբ էլ, երբ դրսի հայությանն եք հարց ու փորձ անում, հատկապես սավոկին եք գտնում, որպեսզի վայ-վույով խնդիրը լոլոզվի ու վերանա: 
Բռնություններն այսօ՛ր չէ, որ սկսել են և վերջ չեն ունենալու այնքան ժամանակ, քանի դուք այդ բռնություններից բավականություն եք ստանում, այլ ոչ թե առնվազն՝ ցավ: Շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ այդ բռնությունները ձեզ այնքան գետնով չեն զարկել, որպեսզի առնվազն գետնից ելնելու ու թեթև մի ապտակ էլ դո՛ւք հասցնելու կամք չունեք: Եվ ընդհանրապես, բռնությունները շարունակվելու են այնքան ժամանակ, մինչև մի գեղեցիկ օր էլ որպես Մաքսային Միության արժանի անդամ՝ Հայաստանում չարգելվի նույնիսկ դրանց մասին ակնարկելը: Այսինքն, շուտով գալու է մի օր, երբ բռնություններն ուժգնանալու են, բայց մենք միայն երկրի արդյունաբերական ու արտադրական, ռազմական ու կրթական, անվտանգության ու առողջապահության «նվաճումներին» տեղեկանանք: Այսինքն, հենց ձեր միջնորդությամբ վերջնականապես վայելելու ենք նեոսովետական Հայաստանի բարքերը...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել