Հրաշալի եռյակի քաղաքական կյանքը կարծես թե Դիանա Գրիգորյանի «Հարազատ Թշնամի»հեռուստասերիալի սցենարի մարմնավորումը լինի իրական կյանքում: Ինչ գեղեցիկ են նրանք միասնաբար դուրս գալիս ԱԺ դահլիճից ինչ գեղեցիկ կետեր-պահանջներ են նրանք շարադրում և որպես ուլտիմատում ներկայացնում Հարազատ-Թշնամի իշխանությանը, ինչ գեղեցիկ մանր-մունր ցույցեր են նրանք կազմակերպում Կառավարության դիմաց (որտեղ աշխատում է հարազատ-թշնամի բարեկամը), ինչ լավ են հազարավոր մարդկանց հավաքում Օպերայի հրապարակ անիմաստ և հիասթափեցնող, սակայն միևնույն ժամանակ բոցաշունչ համապետական ցույցերին: Վերջին արմատական համաժողովը պարզապես առանձնակի և աննկարագրելի զգացմունքներ առաջացրեց: Ամեն օր չէ, որ կարող ես տեսնել ԲՀԿ-ին, Ժառանգությանը, Տիգրան Կարապետիչին և 2013 թվականին Րաֆֆի Հովհաննիսյանի Բարևի շարժման ուսանողական ակտիվիստների դեմ ֆիզիկական և հոգեբանական բռնություն ցուցաբերած երիտասարդներին՝  նստած մի սեղանի շուրջ, Հայաստանի փրկության և իշխանափոխության հարցերը քննարկելիս: Պատկերի ամբողջականությունը խարխլում էր միայն Լևոն Տեր-Պետրոսյանի, ՀՅԴ-ի և Արթուր Բաղդասարյանի բացակայությունը, սակայն այս աշխարհում կատարյալ ոչինչ չկա, և դրա հետ պետք է համակերպվել:

Իհարկե, ճիշտ ժամանակին էր համաժողովը: Բերձորի ծեծից հետո Նախախորհրդարանը կարծես թե հայտնվեց ուշադրության կենտրոնում՝ մի պահ ստվերելով «Արմատական խորհրդարանական ընդդիմությանը»: Բայց պակասում էր ինչ-որ բան: Չկար կուլմինացիոն ծեծը, և ահա դա էլ եղավ:

ԵՏՄ անդամակցությունից հետո հայաստանյան քաղաքական կյանքում կարծես նոր մշակույթ է ի հայտ գալիս (լավ մոռացված հինը միշտ էլ նոր է)՝ ընդդիմության «Եվրասիական ծեծը»: Ծեծն անհրաժեշտ ատրիբուտ է դառնում նույնիսկ արմատական ընդդիմություն օծվելու համար: Ոչ վաղ անցյալում, երբ մեր երկիրը շտապում էր դեպի «Եվրոասոցացում», ծեծը կարող էր դիտարկվել որպես բռի, ոչ ժողովրդավարական և պատիվ չբերող դրսևորում, սակայն մենք այլևս ինտեգրվում ենք մի նոր կառույցի, որտեղ բարքերը բոլորովին այլ են, որտեղ, ասենք, Human Rights Watch-ի զեկույցների վրա առանձնապես ուշադրություն չեն դարձնում: Պետք է ներդաշնակ ինտեգրվել և սովորել, սովորել, սովորել:

Հ.Գ. Անկախ ամեն ինչից՝ դատապարտելի է ֆիզիկական ուժի կիրառման կուլտուրան, մարդկանց առողջության խեղումը, ամենաթողությունը: Բոլոր տուժածներին մաղթում եմ շուտափույտ ապաքինում: Վերջին ծեծերը միանշանակ ստվերում են Հայոց ցեղասպանության 100 ամյակը, ինչը փաստացի իրենից ներկայացնում էր կրկին ֆիզիկական բռնություն (իհարկե ավելի անմարդկային դրսևորումով և մաշտաբներով)՝ այլակարծիք, այլադավան քաղաքացիների նկատմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել