Դեռ տարիներ առաջ մի տեղ գրել էի, որ իրականության մեջ մեծ է հավանականությունը խաբված լինելու: Ի նկատի ունեի այն, որ դպրոցներում մեզ ներշնչում են, թե հայ ժողովուրդը լավ առևտրականների և հմուտ արհեստավորների երկիր է, իսկ դպրոցից դուրս պարզվում է, որ գործ ունենք մեծամասամբ փինաչիների և աֆերիստների հետ: Դա այնպես, ուղղակի անցել էր մտքովս տարիներ առաջ: Իհարկե, կան մեր մեջ, ինչպես և բոլոր ժողովուրդների մեջ, վարպետներ և փինաչիներ, ազնիվ առևտրականներ և աֆերիստներ: Կան, անշուշտ:

Բայց վերջերս վիճակագրական տվյալներից պարզ դարձավ մի փաստ, որը ստիպեց ինձ գրեթե գցել ձեռքիցս թեյի բաժակը և տնից դուրս չընկելու համար հեռու կանգնել լուսամուտից:
ՀԱՅԱՍՏԱՆԸ ՈՍՏԻԿԱՆՆԵՐԻ ԵՐԿԻՐ Է:
Աշխարհում ոչ մի տեղ, նույնիսկ ամենաջունգլիում կամ ամենասադամհուսեյնում չկան բնակչության թվի հետ համեմատած այսպիսի մեծ թվով ոստիկաններ: Մեզ մոտ սա մասսայական բնույթ է կրում: Հասկանալու համար պետք է ուղղակի դուրս գալ որևէ մեծ փողոց և տեսնել, թե ինչքան շատ են նրանք, ինչքան «համատարած» են:
Նրանք ամենուր են: Էլ այս տիպի գլխարկով, էլ այն տիպի գլխարկով, այն տիպի բաճկոնով, այս տիպի բաճկոնով, տղա-աղջիկ, ահել-ջահել: Ի՞նչ են անում նրանք: 
Ես չեմ ուզում հավատալ, թե այս համազգեստավոր ընտրազանգվածի առաքելությունը ողջ օրը դրսերում թրև գալն է այն դեպքում, երբ կան լիքը չբացահայտված հանցագործություններ, ես ուզում եմ հավատալ, որ այս տղա-աղջիկ, ահել-ջահելներն ինչ-որ կարևոր բան են անում, ասենք` որևէ կորած իր են փնտրում, միգուցե այլմոլորակայինների հետքեր կամ հաշվում են գետնի սալահատիկները և ասֆալտի մեջից երևացող քարի հատիկները... Գարունը գա` կարող են հաշվել նաև ծառերի տերևները կամ որևէ խորհրդանշական բան, օրինակ` աղբարկղերը:
Նայում ես այդ մարդկանց ու չգիտես էլ՝ ինչ մտածես: Ուղղակի մենթերի այսպիսի բազմությունը լրացուցիչ մոտիվացիա է երկրից չարտագաղթելու համար. բա հո չե՞նք գնա՝ երկիրը թողնենք սրանց:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել