Ամեն անգամ, երբ հայտնվում է հերթական «փրկիչն» ու մի հետաքրքիր սցենարով ոչ թե իրական ազատագրություն, այլ հերթական «հեղափոխությունն» է անում, անպայման միանգամից հայտնվում է հայի այն տեսակը, որ, երկար տարիներ ընչաքաղց ապրելուց հոգնած, ոչ թե ձուկ որսալ սովորել է ուզում, այլ միանգամից ձուկը և այն էլ հարևանի սեղանի ձուկը: Ուզում է: Ուզելը մեծ բառ է, խոշոր բառ է: Խորիմաստ բառ է: Ուզել նշանակում է ամեն բանի պատրաստ լինել՝ բացի արնահեղությունից: Ուզել նշանակում է պատրաստ լինել նույնիսկ սեփական սխալ ընտրությունը ճանաչել ու առանց գավառական «համեստության» ուղղել սխալ արված ընտրությունը: Ուզել նշանակում է նաև առնվազն իմանալ, թե ի՛նչ է ուզում: Ուժն էլ սրա նման մի բառ է: Ի՞նչ է ուժը, ո՞րն է ուժը: Ոմանց համար զոռբայությունն ու անկրթությունն է ուժը, ուրիշների համար խորամանկությունն է ուժը, իսկ մտածող ու բարեկիրթ մարդու համար ուժը խելքն է, իմացությունն է, գիտելիքն է, սրամտությունն է:
Թվարկածներս ըստ էության ճապաղ ճշմարտություններ են: Բայց հենց ա՛յն, որ միշտ մոռանում ենք ու վազ տալիս բթամտության, զոռբայության, խորամանկության, ուրիշի սեղանից ձուկ գողացողի հետևից...
Մենք մի քանի անգամ առիթ ունեցել ենք մեր ընտրությունն անել: Բայց այդ ընտրությունը մեծ մասամբ եղել է ինքնասպանությունը: Իսկ ինքնասպանին կողքից դիտող չարախինդ տմարդին ամեն անգամ մատակարարել ու մատակարարելու է այն զենքը, որով ինքնասպան լինելը վերածվելու է սոսկալի տանջանքների ու տառապանքի:
Այսօր էլ է պատկերը նույնը: Այսօր ևս ինքնասպանության զենքը «կռված տղա-նստած տղա» այն ապիկարն է, որի արարքը քննելու փոխարեն նստած քանի օր է՝ քննարկում ենք տմարդիի արարքը: Որին ճանաչում ենք, որին հանդուրժում ենք, որին ենթարկվում ենք... Մեզ համար կարևորն այն չպետք է լինի, թե ինչ արեցին իշխանությունները և ինչու: Մենք դա գիտենք, մենք դրանց գոյության հանցավորներն ենք ու հրաշալի գիտենք, որ մեր դիակի վրայով կրեմլի թայֆան նորից, իշխանությունն ուզուրպացնելով, հետևողականորեն տանում է մեզ դեպի ձուլարան, սպանդանոց: Մենք պետք է հարց տանք ժիրայր սեֆիլյանին, թե ինչո՞ւ ինքը որոշեց դառնալ այն զենքը, որով ազգային ինքնասպանության հեռանկարն ապահովված է: Ահա՛ թե ինչ պետք է քննենք մենք: Բայց մենք դա չենք անելու ճիշտ այնպես, ինչպես չարեցինք մեր կարծիքով մեր ընտրած, իսկ իրականում մյուս դրածոների հետ սրան էլ նշանակած կրեմլյան չինովնիկ Տեր-Պետրոսյանի հետ: Մենք սոսկալի հուզական ժողովուրդ ենք: Մենք «զոհերին» խնկարկող ժողովուրդ ենք, և մեզ համար ամենևին կարևոր չէ, թե այդ «զոհը» Դեմիրճյան նոմենկլատուրային կոմունիստն ու նույնպիսի հանցագործ Վազգեն Սարգսյա՞նն է, թե՞ իրապես զոհը: Կարևորը՝ լացի ձայն լսենք, որպեսզի, փալասներն առած, հասնենք սրա-նրա փսլինքները մաքրելու «հայրենասիրական» գործին: Հիմա փալասներով հասել ենք ու ապիկար, սադրիչ ու թերուս Ժիրիկ Սեֆիլյան&նախախորհրդարան թայֆայի փսլինքներն ենք սրբում, որովհետև իշխանությունը տապալող այս թայֆան, իր նմաններից ծեծ ուտելով, բարձր լաց է լինում: Հետաքրքիր է, կառավարության մեջ մի քանի պաշտոն պոկելուց է՞լ է այսպես բարձր ոռնալու, թե՞ իր նախատիպերի նման կլսի իրեն «հավատացողների» անեծքն ու թուք ու մուրը և այլն ու, այնուամենայնիվ, մեդալները շարած պտույտ կգա: Իհարկե վերջին տարբերակն է լինելու, եթե ժամանակին ուշքի չգանք ու նախ չսկսենք հենց իրենի՛ց հաշիվ պահանջել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել