Հայկական ազգային-ազատագրական երգերը բավականին լուրջ պատմության դասագիրք են: Լսում ես երգերն ու ամեն անգամ մի նոր տեղեկատվություն իմանում, քո իսկ ռազմական փառահեղ անցյալից ոգևորվում, ոգեշնչվում ու շարունակում ստեղծագործել ի շահ քո պետականության ու քո կորուսված հայրենիքի վերադարձի համար: Երիտասարդները կարող են լսել, սովորել այդ երգերն ու իմանալ, ասենք, որ ֆիդայի Քեռին (Արշակ Գավաֆյան) 1916թ. մայիս 15-ին Մոսուլ գնալու ճանապարհին՝ Ռևանդուզի մոտ, իր ջոկատով շրջապատվում է։ Սակայն կարողանում է հնարամիտ ձևով ջոկատը դուրս բերել շրջափակումից, իսկ ինքն ընկնում է մարտում։ Կամ, ասենք, «Վեր կաց, Շահեն» երգում հստակ տեղեկատվություն է տրվում Շահեն Մեղրյանի պապերի, նրա անցած ուղու մասին: Կամ, ասենք, «Բանկ Օթթոման» երգը, թվարկելն անհնար է նրանք շատ են ու պիտի դեռ սերունդներ դաստիարակեն: Հիշում եմ՝ արցախյան ազատամարտի տարիներին մեր հեռուստատեսային քարոզչությունն ավելի լավ էր աշխատում, օրվա մեջ մի քանի անգամ ցույց էին տալիս հայկական տարազ հագած տղամարդկանց, ովքեր երգում էին Գառնու տաճարի առջև: Ինչպես հետո պարզվեց՝ այդ երգիչը Սահակ Սահակյանն էր, ով մեծ փորձ ունի սերնդակրթության հարցում: Այնպես որ հիմա պետք է հենց այդ երգերը ռադիոներով ու հեռուստատեսությամբ թողարկել, որ սահմանին կանգնած տղերքը ոգի առնեն: Ադրբեջանը չունի նման մշակույթ, այն փոխարինում է՝ թմրամիջոցներ կամ խմիչք տալով իր զինվորին, իսկ մեզ պահում է մեր խրոխտ երգը, զենքը ու խաչը: Ապավինենք մեր զենքին ու խաչին: Ու մեկ անգամ ևս ՇՆՈՐՀԱԿԱԼ ԵՄ, ՀԱՅ ԶԻՆՎՈՐ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել