Նախկինում տրված հարցազրույցիս մի հատված։

- Կարծո՞ւմ եք, որ այս փուլում հայերը, բարձրացնելուվ ԼՂՀ միջազգային ճանաչման հարցը, կարող են հաջողության հասնել: Շատերը կարծում են, որ հիմա ամենաճիշտ պահն է, որպեսզի Հայաստանը ճանաչի ԼՂՀ անկախությունը, Ձեր կարծիքով` դա չի՞ ավելացնի պատերազմի հավանականությունը:

- Մենք կտրականապես և արմատապես դեմ ենք որևէ փուլում Արցախի, այսպես կոչված, «անկախության» ճանաչմանը: Կա ընդամենը մեկ՝ Հայաստանի անվտանգության շահերին համապատասխանող ճանապարհ՝ ևս մեկ անգամ վերահաստատել 1989 թ. դեկտեմբերի 1-ից գործող և ՀՀ Սահմանադրության բաղկացուցիչ մաս հանդիսացող՝ 1990 թ. Անկախության հռչակագրով ամրագրված Արցախի իրավաքաղաքական անշրջելի միացումը Հայաստանին: 1991 թ. ՀՀ առաջին նախագահը, ձգտելով ամեն գնով խուսափել ռազմական փուլ թևակոխած արցախյան ազատամարտի համար քաղաքական պատասխանատվություն կրելուց, պարտադրել է այդ ժամանակվա Արցախի իշխանություններին հռչակել «ԼՂՀ անկախությունը» և ապա անցկացնել «անկախության հանրաքվե»: Դրանով իսկ ՀՀ սահմանադրական իրավունքի կոպտագույն խախտմամբ անհաջող փորձ է արվել Արցախը դե-յուրե անկախացնել Հայաստանից: Պետք է մեկընդմիշտ հրաժարվել այն վտանգավոր ու անհեթեթ առասպելից, թե, իբր, «անկախության» և «ինքնորոշման» վրա դրված շեշտը թույլ է տալիս Հայաստանին խուսափել «ագրեսոր» և «տարածքային վեճ» հրահրող պետություն դիտվելուց: Ամբողջ աշխարհին քաջ հայտնի է, որ Արցախը հատուկ կարգավիճակով Հայաստանի մարզ է: Այդ իսկ պատճառով «երկու հայկական պետությունների» թատրոնը երբեք էլ ոչ մեկի կողմից լրջորեն չի ընկալվել: Այսուհանդերձ, որևէ պետության կամ, առավել ևս, ազդեցիկ տերությունների կողմից «ԼՂՀ անկախության» ճանաչումը կհանգեցնի անդառնալի ազգային աղետի և ազգային պետականության երկփեղկմանը՝ Սերբիա-Չեռնոգորիա, Գերմանիա-Ավստրիա, Ռումինիա-Մոլդովա տարբերակով: Ի դեպ, միացումն էլ՝ ինքնորոշման դրսևորում է, իսկ մեր դեմ «պատժամիջոցների չկիրառումը» պայմանավորված է ոչ թե «ԼՂՀ անկախության» թատրոնով, այլ աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ուժի կենտրոնների ներկա դասավորությամբ: Հարկ է հասկանալ, որ «միջազգային իրավունքը» թե՛ պատմական կտրվածքով, և թե՛ ներկա «ինստիտուցիոնալիզված» կարգավիճակում խիստ հարաբերական և հակասական, հիմնականում նախադեպային, բոլոր մակարդակների ընթացիկ ռազմաքաղաքական լուծումներն ըստ գերակա կողմի/կողմերի կոնյուկտուրային նպատակահարմարության կարգավորող անկայուն համակարգ է: «Միջազգային իրավունքի» բազմազան, գործնականում միմյանց ըստ էության հակասող և նպատակահարմարային կամայականությամբ մեկնաբանվող ու պարտադրվող դրույթներն ընդամենը սահմանում են խաղի կանոնների մոտավոր շրջանակ: Պետությունների կամ աշխարհաքաղաքական միավորումների մրցակցային դիմակայության ընթացիկ դրսևորումներն ու արդյունքները պատճառաբանվում, արդարացվում և հաստատագրվում են ըստ «միջազգային իրավունքի» ընձեռած «հնարավորությունների պատուհանի», յուրաքանչյուր երկիր յուրաքանչյուր դեպքում դա անում է ըստ ունեցած փաստացի կշռի և հարակից տարատեսակ հանգամանքների նպաստավորության:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել