Երկու օր առաջ եմ վերադարձել դիրքերից ու արդեն երկու գիշեր է՝ չեմ կարողանում քնել. սահմանում թշնամու կրակոցները մեզ համար արդեն սկսել են սովորական բնույթ կրել, ու անգամ նեղվում ենք, երբ մի ժամ նրանց կրակոցի ձայները դադարում են: Երկար եմ զրուցել սահմանին կանգնած զինվորների հետ: Անփորձ, կարոտը բաճկոնի տակ թաքցրած, վախը ոտքերների տակ տված ու ամեն գիշեր մահն աչքերին լուսաբացին սպասող 18 տարեկան դիրքապահ տղերքի հետ գիշերներն ինձ ևս մեկ անգամ սթափեցրեցին՝ սահմանը ոչ թե ֆեյսբուքյան գրառումներն են պահում, ոչ թե դիվանագիտկան կոչերը, ոչ թե ես, դուք կամ մինչև անգամ երկրի նախագահը, այլ 18 տարեկան տղերքը, ու թշնամու միլիոնանոց բանակն ու միլիարդանոց զենքերով լեցուն խրամատները դողում են, երբ 18 տարեկան պատանին իր ձեռքն է վերցնում հեռադիտակն ու սկսում է զննել թշնամու դիրքերը: Մահն Ադրբեջանում իր դեմքն ունի՝ այն 18 տարեկան սևաչյա հայ պատանու տեսքով է: Կրկնում եմ՝ սահմանում լարված է՝ բառիս ուղիղ իմաստով: Երբ վերադարձա Երևան ու համացանցում փորձում էի սահմանը պահող տղերքի մասին գրառում կատարել, աչքովս ընկավ հունվարի 31-ին Բերձորում տեղի ունեցած միջադեպը, ու աչքիս առաջ եկան սահմանը պահող 18 տարեկան տղերքը: 50 անց լուրջ մարդիկ, հենց այդ պահին կարծես նռնակները ձեռքներին փորձում էին սպանել սահմանապահ 18 տարեկան երիտասարդներին: Երկու կողմում էլ կային մարդիկ, որոնք ժամանակին նույն հողի համար արյուն են թափել, թե ոստիկանների, թե ցուցարարների միջև տեղի ունեցածն ինձ միանգամից Արցախի դրոշը հիշեցրեց՝ երկու երկրների միջև սպիտակ գիծը դեռ չի միացել, ու այդ օրը այն կարծես արյունով լցվեց ու չի միանա այնքան ժամանակ, քանի դեռ հայաստանցի ու արցախցի տերմինը ստրուկի պես նստած է մեր մեջ: Այդ գիծը չի ջնջվի, քանի դեռ որոշ լրտսեներ փորձում են ոչ թե իրար մոտեցնել, այլ այն ավելի են հեռվացնում: Չի միանա այդ գիծը, քանի դեռ արցախցի ոստիկանը մերի ու ձերի հոգեբանությամբ է խոսում երկու պետությունների ժողովուրդների մասին: Չի վերանա, քանի դեռ ազատամարտիկը ծեծված դեմքով հարցազրույցներ է տալիս ու ի լուր աշխարհի հայտնում է, որ իրեն արցախցիները ծեծել են, ու այդ սպիտակ գիծն ավելի կարյունոտվի, քանի դեռ արցախցի ոստիկանները փայտերով կոտրում են հետ վերադարձող ցուցարարների մեքենաների ապակիները... Երկու կողմն էլ զզվելի էր:
Տղերք, մոռանում եք, որ սահմանում 18 տարեկան տղերք են կանգնած, ու մեր կատարած ցանկացած քայլ առաջին հերթին ավելացնում է նրանց մեռնելու հավանականությունը:
Տղերք, թշնամին քաղաքացիական պատերազմ է ուզում, քանզի քաջ գիտակցում է, որ մեզ կարող է միայն թիկունքից հարվածել:
Տղերք, թշնամին մեզ վրա ծիծաղում է:
Տղերք, փող եք աշխատում, այն աշխատեք պատվով ու ձեր տերերի համար լավ ծառայելուց առաջ մտածեք սահմանին կանգնած տղերքի մասին:
Տղերք, ոստիկան չի նշանակում մարդասպան:
Տղերք, ցուցարար չի նշանակում հակահայկական:
Ամոթ մեզ, ես ամաչում եմ, որ հայ եմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել