«Շրջանառության հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին Կառավարության որոշման դեմ բողոքի ակցիայի մասնակիցների «քառօրյան» կարծես թե տալիս է իր բաղձալի արդյունքները:

Ցույցի մասնակիցներից 15 հոգանոց խումբ բարձրացավ վարչապետի հետ հանդիպման` ներկայացնելով իրենց պահանջը, այն է` կասեցնել օրենքի գործունեությունը:

Վարչապետն ընդունել է, որ օրենքի կիրառման դեպքում առաջանալու են խնդիրներ, և ստեղծված ֆինանսա-տնտեսական իրադրությունը ստիպում է հարցի հետ կապված որոշակի վերանայումներ կատարել: Հովիկ Աբրահամյանը խոստացել է շահագրգիռ կողմերի հետ քննարկել խնդիրը, և ՓՄՁ ներկայացուցիչներին տարբերակ է առաջարկվել, ըստ որի, վաճառականներն իրենց ցանկությամբ աշխատեն կամ նոր օրենքով, կամ հին: Վարչապետին առաջարկվել է նաև սահմանափակել հարկային տեսուչների ստուգումները շուկաներում: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ մինչև կառավարության որոշումը հարկային մարմինների կողմից ոչ մի ստուգում չի լինի:
Պայմանավորվածության համաձայն՝ գործադիրի պատասխանը վարչապետն ակցիայի ներկայացուցիչներին կներկայացնի ոլորտի պատասխանատուների հետ հարցի վերջնական քննարկումներց և առաջարկություններ ստանալուց հետո և երկուշաբթի օրվա երկրորդ կեսին կհայտնի որոշման մասին:
Հարց է առաջանում` եթե կարելի էր այս ֆորմատով քննարկել, ապա ո՞րն էր իմաստը, որ կառավարությունում քննարկելու տարբերակն առաջին օրը չընդունվեց: Հենց սկզբից էլ ակնհայտ էր, որ եթե նույնիսկ վարչապետն իջներ, ապա քննարկում այդ պայմաններում չէր կարող լինել:

Ընդգծենք, որ վիրավորանքները նվազեցնում են խնդրի կարգավորման հավանականությունը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել