Խորհրդային ժամանակաշրջանում կինո կամ մուլտֆիլմերում երբ հանդիպում էի հայկական ազգանվամբ որևէ անձ, անկախ ինձնից հպարտություն էի ապրում, անգամ հրճվում:
Վերջին 2 տարում մի նախադեպ ինձ հանգիստ չի տալիս: Միգուցե տպավորությունս անտրամաբանական է կամ պրիմիտիվ, կամ անգամ բանականությունից զուրկ հիպոթեզ, հատկապես եթե հաշվի առնելու լինենք նաև այն հանգամանքը, որ երբևէ քաղաքականությամբ չեմ զբաղվել: Այնուամենայնիվ, կիսվեմ:
Վերջին 2 տարում հատկապես ամերիկյան հեռուստասերիալներում (իսկ դրանք, ինչպես հայտնի է, ունեն հսկայական մեծ լսարան ԱՄՆ-ում) հաճախակի են հանդիպում հայկական ազգանվամբ տարբեր երկրորդ, երրորդ, նույնիսկ առաջին պլանի հերոսներ (Ադամյան, Իսկանդարյան, Գինոսյան, և նույնիսկ Մխիթարյան), ովքեր պարտադիր բացատրություն են տալիս իրենց արմատների վերաբերյալ և շեշտում, որ ծնվել են Հայաստանում, սակայն մշտական բնակության են անցել ԱՄՆ-ում: Այս միտումը գնալով շատանում է:
Ինչպես մաթեմատիկոսներն են սիրում կրկնել, «այլ հավասար պայմաններում» այս երևույթն ինձ շատ կուրախացներ: Բայց երբ սրան ես գումարում եմ վերջին տարիներին «գրին քարտերի» շռնդալից շահումները, հատկապես Հայաստանում, ինչպես նաև ԱՄՆ-ի լիազոր մարմինների կողմից ՀՀ քաղաքացիների վիզայի նշանակալից դյուրինացման գործընթացը, ակամայից մտքումս ծագում է մի սոսկալի հարց. արդյո՞ք այս երևույթը Հայաստանի Հանրապետությունից հայաթափման քաղաքականության ագիտացիայի ամերիկյան դրսևորման մի եղանակ չէ: Չծավալվելով քաղաքական կեղտոտ հորձանուտի մեջ՝ ուզում եմ նույն ամերիկացիների սիրելի «God bless America» թևավոր արտահայտությունը վերափոխել «God save Armenia»-ի, եթե իմ մտածմունքների մեջ ճշմարտության անգամ մի նշույլ կա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել