100 տարվա սուգն ու 20 տարվա սահմանային լարվածության մեղավորը ոչ թե սահմանին կանգնած զինվորն է, այլ թիկունքում նրան պաշտպանող դիվանագիտական դպրոցի բացակայությունը: Տգետ լրագրողն իր հետ ստեղծում է տգետ հասարակություն, իսկ վախկոտ դիվանագետը՝ փխրուն հարաբերություններ, երկուսը միասին գումարվելով՝ ազգին ստրուկ են սարքում: Մանիպուլյացիոն սխալ հոսքերի ու դիվանագիտական սխալ խաղերի արդյունքում խաղատախտակին միայն զինվորներն են զոհ գնում, իսկ հետևում թագավորն ու թագավորական պալատի աշխատակազմը տեղափոխվում է ավելի ապահով վայր, մինչև որ խաղն ավարտվի: Բայց թագավոր ու ստրուկ ասելով՝ միանգամից չի կարելի բոլոր զենքերն ուղղել Բաղրամյան 26, քանի որ կա մեկ պարզ պատճառ՝ 1915 թվականից մինչ օրս անցել է 100 տարի, իսկ 100 տարվա մեջ 100 անգամ փոխվել են մեր թագավորները, բայց ազգս կրկին ստրուկ է մնացել: Այսինքն առաջին հերթին մենք պետք է սպանենք մեր միջի ստրուկին, որպեսզի կարողանանք հասկանալ՝ ով է մեր թագավորը: Տիգրան Մեծից հետո բոլորիս մեջ նստել է բակային ու թաղային սահմաների հասկացողությունը՝ չարբախցի, երրորդմասցի, մասիվցի... Սրանցից հետո գալիս է արդեն ընդհանուր երևանցի, գյումրեցի, կիրովականցի.... Հետո ավելի մեծ ողբերգություն՝ հայաստանցի ու ղարաբաղցի... Իսկ սրանից հետո ավելի մեծ ու գլոբալ՝ 10.000.000 սփյուռքում էլ Հնչակ, Դաշնակ, Սիրիահայ և այլն և այլն: Այսինքն՝ ինչ է ստացվում՝ ազգը պառակտված է, և այսպես 100 տարի մեզ մեկ առ մեկ կարող են ոչ միայն սպանել մեր բնակարաններում, ոչ միայն սփյուռքի գաղթօջախներում, այլ նաև սահմանին կանգնած զինվորի ճակատին ամեն օր թշնամին մեկ գնդակ է ուղարկելու: Պետք է սկսել մեզանից՝ ամեն մեկս մեր ընտանիքից, բակից, աշխատավայրից ու մեր ընկերներից՝ պետք է սպանել մեր միջի ստրուկը, իսկ եթե կարողանաք սպանել, ուրեմն արժանի թագավոր էլ կունենանք, արժանի հակառակորդ էլ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել