Tert.am-ը գրում է․

Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-լեյտենանտ Վաղարշակ Հարությունյանը  Tert.am-ի հետ զրույցում գյումրեցիներին ուղղված հետևյալ կոչն արեց. «Գյումրեցիները պետք է  իրավիճակը սթափ գնահատեն, չենթարկվեն պրովոկացիաների, ուշադիր հետևեն քննության ընթացքին, և համոզված լինեն, որ չկա Հայաստանում մարդ, որ կհանդուրժի, եթե փորձեն կոծկել գործը, և Ռուսաստանը նույնպես անելու է ամեն ինչ, որպեսզի հանցագործը արժանանա խստագույն պատժի»: Գյումրիից  ռուսական բազան հանելու որոշ մարդկանց կոչերի վերաբերյալ էլ նա ասաց. «Այն մարդկանց, ովքեր այդպիսի հարց են բարձրացնում, կառաջարկեմ նախ ուսումնասիրել Հայաստանի նորագույն պատմությունը … Արցախյան մեր հաղթանակի պատմությունը, հետո գնալ առաջին գիծ՝ խրամատում մեկ շաբաթ կանգնել, և ապա միայն հարց դնել՝ հանե՞լ բազան, թե՞ ոչ»:

-Պարո՛ն Հարությունյան, Գյումրիի դեպքերից հետո հայտարարվեց, որ հայ-ռուսական հարաբերությունների ավանդական ընկալումն այլևս այն չէ, վերարժևորման կարիք ունի:

-Եթե դարերով ձևավորված և միջպետական փաստաթղթերով ամրագրված հարաբերությունները պետք է վերարժևորվեն այս, այո՛, դաժան, բայց քրեական դեպքի պատճառով, ուրեմն  դրանք հարաբերություններ չեն: Ժամանակը անցնելու է, ամեն ինչ իր տեղն է ընկնելու, որովհետև մի ստահակի կատարած քրեական հանցագործությունը չի կարող թշնամանքի հիմք դառնալ ռազմավարական դաշնակիցների համար: Կան մարդիկ, որոնք ցանկություն ունեն, որ այդպես լինի և ամեն ինչ անում են այդ ուղղությամբ՝ վնասելով առաջին հերթին Հայաստանի անվտանգությունը: Գիտենք՝ ովքեր են այդ մարդիկ և ինչ նպատակներով են անում: Եվ դա անում են այն մարդկանց միջոցով, ովքեր զգացմունքային են և պահի տակ չեն  կարողանում ճիշտ կողմնորոշվել: Եթե այդ մարդկանց կարելի է հասկանալ, ապա քաղաքական գործիչները, ովքեր պատասխանատու են Հայաստանի համար և մտահոգված են մեր երկրի ապագայով, պետք է ձեռնպահ մնան նման գործելակերպից:

-Իսկ ընդհանուր քաղաքացիների պահանջը ինչպե՞ս եք գնահատում, իսկապե՞ս հնարավորություններ չկան, որ նախաքննությունը փոխանցվի հայկական կողմին, որովհետև տեսակետներ են հնչում, որ ռուսական կողմի՝ հանցագործին մեզ չհանձնելու հիմքում ընկած է այն, որ մենք չտեղեկանանք իրենց ներքին խոհանոցին, բազայի ներսում առկա ոչ կանոնադրական հարաբերություններին:

-Առաջին. ռուսական կողմը չի ասել, որ Պերմյակովին չի հանձնի Հայաստանին: Դուք կարո՞ղ եք ռուսական  մի պաշտոնյայի նման բովանդակությամբ հայտարարություն մեջբերել: Ասվել է, որ այս գործը քննվելու է համատեղ: Մարդկանց հատուկ բորբոքում են նման ապատեղեկատվություն տարածելով, որ հանցագործը Հայաստանից փախել է, իրեն տարել են ուրիշ տեղ, գործը փորձելու են կոծկել: Մի՞թե  բավարար չէ ռուսական կողմի լրջագույն արձագանքը՝  սկսած ՌԴ նախագահից, վերջացրած պարզ մարդկանցով, որոնք գնահատում են այս  հանցագործությունը որպես դաժան, անմարդկային և պահանջում արժանի պատիժ: Մի՞ թե սա բավարար չէ, մի՞թե բավարար չէ, որ այդ գործով զբաղվում է անձամբ Գլխավոր դատախազը, որ ՀՀ Նախագահը հենց առաջին օրն անցկացրեց սելեկտորային խորհրդակցություն` գործն իր վերահսկողության տակ վերցնելով: Սա դժբախտություն է և ՛ Հայաստանի , և՛ Ռուսաստանի համար, և սա չի կարելի օգտագործել ի վնաս Հայաստանի: Այո՛,  տեղի է ունեցել դաժան ողբերգություն, որի գնահատականը թե՛ ռուսական կողմի, և թե՛  Հայաստանի հասարակության, նույնն է: Հիմա մեր խնդիրը մեկն է, որպեսզի այդ հանցագործը  պատժվի օրենքի ողջ խստությամբ:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել