Որոշ դեպքերում փոփոխությունների բացակայությունը կարող է նյարդայնացնել, տխրեցնել կամ հիասթափեցնել: Խոսքս այն փոփոխությունների մասին է, որոնք թվում է, թե պետք է տեղի ունենային, բայց տեղի չեն ունեցել: Օրինակ` ճանաչել եմ, ասենք, հինգ տարի առաջ մի աղջկա, պատահաբար հանդիպում եմ մի տեղ եւ տեսնում ու լսում այն, ինչ ճիշտ նույնությամբ առկա էր հինգ տարի առաջ` «Հի հու հա, հի հի հի, ուծյու, մուա մուա, բլա բլա»: Ու այդ ժամանակ ձգում ես քեզ, փորձում չարտահայտել առաջնային հիասթափությունդ ու զսպում հասունացող ջղաձգումները:
Կամ գնում ես մի տեղ, ուր ժամանակին շատ ես եղել, ուր քո գետի շատ ջրեր են հոսել, ու տեսնում նույն վիճակը, ինչ եղել էր այն ժամանակ: Բացի նույն պատերից, աթոռներից, սեղանից ու համակարգչից, որոնք նույնն են մնացել, նույնն են նաեւ մարդիկ: Չէ: Ես միանգամից չեմ անում իմ եզրակացությունը: Ես հարցուփորձ եմ անում` «Դե՞, ախպեր, մի բան ասա, էլ ի՞նչ կա ձեզ մոտ, ի՞նչ փոփոխություն, ախպեր, պատմի, դե՞»: Ոչ մի բան. «Սաղ լավ ա»…
Էլի «լավ ա», բայց այս ամենի մեջ մի բան տարակուսանք է առաջացնում: Ուրեմն ի՞նչ է տեղի ունենում` ժամանակը անցնում է, ջրերը հոսում են, ես, իմ ծանոթ հարյուրավոր մարդիկ այդ ջրերի միջով անցնում ենք, դիպչում քարերին, սպիեր, վերքեր կուտակում, տեղ-տեղ ծերանում, իսկ ոմաք, ուրեմն, այդ հոսանքից դո՞ւրս են:
Ես, մտքերով տարված, ուզում եմ սովորական թեյս խմել, բայց մի պահ հապաղում եմ: Փոփոխություն: Հիմա ես խմում եմ սուրճ ու նստած եմ լուսամուտից ահագին հեռու: Փոփոխությունների եւ դրանց բացակայության մասին մտքերը ծանր են եւ կարող են վերածվել իսկական բզիկի: Չնայած` ես որոշում եմ, այնուամենայնիվ, մոտենալ պատուհանին եւ նայել դուրս, դեպի քաղաքը, որտեղ ապրում են միլիոնից ավելի մարդիկ, որտեղ օրական տեղի են ունենում հարյուր-հազարավոր պատմություններ եւ որտեղ ապրում են մեր երկրի իշխանությունների ներկայացուցիչները: Բարեւ ձեզ: Ինձ հետաքրքրում է` ձեզ մոտ փոփոխություններ լինո՞ւմ են: Այ, օրինակ, ճմռթված եւ միջազգային ատյաններում ստորացված, սեփական ժողովրդի կողմից բազմիցս քֆրտված մի պաշտոնյա` դու, այո, այո` հենց դու, ի՞նչ փոփոխություններ կան քեզ մոտ: Ի նկատի չունեմ նոր մեքենան, ի՞նչ, աաա, աշխատավարձդ ես բարձրացրել, հետո՞, օօօ, նոր միությո՞ւն, վատ չէ՞, իսկ մտքեր, մտքեր կա՞ն նոր, գաղափարներ, օրինակ, հը՞ն, օհո, նոր ատոմակայա՞ն, երկաթգծե՞ր, նոր ՀԷԿ-ե՞ր, վատ չէ, վատ չէ…

 

Ուղղակի փոփոխություններ չկան: 

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել