Սարսափելի ծանր ու բարդ օր էր երեկ: Մի տեսակ անպատկերացնելի: Հիմա դժվար է ասել, թե ամեն ինչ ինչ կերպով կհանգուցալուծվի: Երեկ երեկոյան արդեն ռուսական որոշ աղբյուրներ հրապարակել էին ՌԴ ՊՆ Ս Շոյգուի հայտարարությունը՝ արված Բաքվում առ այն, որ ռուսական զինվորականները կպատրաստեն ու կմարզեն ազերի զինվորականներին: Չի կարելի ասել դեռ, թե այդ հայտարարությունը կոնկրետ կապ ունի մեր քաղաքում երեկվա դեպքերի հետ, թե մեսիջն այլ հասցեատեր կամ հասցեատերեր ուներ, սակայն այն, որ որոշակի ակնարկ կար, դա ինքնին հասկանալի է: Սակայն եկեք անկեղծ մի հարցի շուրջ մտածենք: Ադրբեջանն իր նավթի պատճառով աշխարհաքաղաքական իմաստով ձեռք ու ոտքից կապված է, որովհետև, ասենք, եթե շարունակի ռազմակալել ինքն իրեն ու իր երկիրը, միևնույնն է, մի օր այդ ռազմակալումը կբերի բախման, իսկ այդ դեպքում արդեն լրիվ այլ տեղում Ալիևի ականջները կձգեն աշխարհի իրական տերերի մի բավականին հզոր գիլդա՝ ի դեմս ԲԻ ՓԻ նավթային կոնցեռնի ու վերջինիս հետ կապված տնտեսական ու ֆինանսական շրջանակների. իսկ նավթն Ադրբեջանի ՀՆԱ-ի հիսուն տոկոսից ավելին է, ու ականջ ձգելը կարող է արժենալ ընդհուպ մինչև իշխանազրկում Հեյդարիչի համար. եթե այդ վախը չլիներ, Ալիևը հիմա վաղուց պատերազմ սանձազերծել էր: Այս ֆոնին ավելի հավանական է, որ Շոյգուի հայտարարությունը, հատկապես հաշվի առնելով Ադրբեջանում տիրող ներքաղաքական իրավիճակը, ավելի շատ Ալիևին իշխանության պահպանման երաշխիքներ է տրամադրում, Մոսկվայից, քան ուղերձ է՝ ուղղված Երևանին:

Ի դեպ, երեկ մինչ ցույցեր էին տեղի ունենում Գյումրիում ու Երևանում, նույն ժամանակ ցույցեր էին նաև Մոսկվայի Մանեժնի հրապարակում՝ կազմակերպված Նավալնու կողմնակիցների կողմից, որոնք ցրվեցին ոստիկանական ուժերի կողմից հատուկ միջոցների կիրառմամբ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել