Բերնար Վերբեր
«Բացարձակ և հարաբերական գիտելիքի նոր հանրագիտարան» գրքից

Մենք անցյալի մասին գիտենք միայն հաղթողների մեկնաբանությամբ։ Տրոյայի մասին գիտենք միայն այն, ինչ պատմում են հույն պատմաբանները։ Կարթագենի մասին նույնպես իմանում ենք հույներից, գալլերի մասին՝ Հուլիոս Կեսարի հիշողություններից։ Ացտեկների ու ինկերի մասին տեղեկանում ենք նրանց իրենց հավատին ուժով դարձնելու եկած միսիոներների ու կոնկիստադորների պատմություններից։ Պարտվածների արժանիքներից քիչ է խոսվում և միայն նրա համար, որ մեծարեն սրանց ոչնչացնել կարողացողներին։

Ո՞վ կհանդգնի խոսել «պարտվածների հիշողությունից»։ Պատմական գրքերը վարժեցնում են մտածելու, որ եթե քաղաքակրթությունն անհետացել է, ուրեմն, համաձան Դարվինի տեսության, վատ հարմարվողականություն է ունեցել։

Բայց իրադարձությունների ուշադիր ուսումնասիրությունից հասկանում ես, որ, որպես կանոն, առավել քաղաքակրթվածները զոհվում են նրանց ձեռքից, ովքեր առավել դաժան են եղել։ Զոհված քաղաքակրթությունների հարմարվողականության միակ «թերությունն» այն է, որ նրանք հավատացել են՝

Կարթագենը՝ խաղաղության պայմանագրի պահպանմանը

Տրոյան՝ նվերի անկեղծությանը (գովենք Ոդիսևսի խորամանկությունը՝ ամբարիշտություն, որ բերեց նախճիրի գիշերվա քողի տակ)։

Ամենավատն այն է, որ հաղթողները ոչ միայն ոչնչացնում են իրենց զոհերի տարեգրությունն ու նյութական մշակույթը, այլև աղավաղում են նրանց հիշողությունը։ Իրենց ներխուժումը Կրետե և մինոսյան հոյակապ մշակույթն ավիրելն արդարացնելու համար հույները հորինեցին առասպելը Թեսևսի մասին, ով հաղթում է ցուլի գլխով հրեշին, որը կույսերի էր խժռում։ Հռոմեացիները պնդում էին, որ կարթագենցիները մարդկային զոհեր էին մատուցում Մոլոխ աստծուն, ինչը, արդեն գիտենք, որ ամենևին էլ այդպես չէր։

Ո՞վ երբևէ կհամարձակվի խոսել պարտվածների հզորության մասին։ Միայն աստվածները, ում հայտնի է հրով ու սրով ոչնչացված քաղաքակրթությունների գեղեցկությունն ու փխրունությունը։

Ռուսերենից թարգմանությունը՝ Հասմիկ Ղազարյանի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել