Եվ այսպես, ինչպես նախկինում իշխանական թիմը պահպանեց առաջատարի դիրքերը, միավորների հսկայական առավելությամբ, թիմի գլխավոր մարզիչ սըր Սերժ Սարգսյանը այս տարի որոշակի տրանսֆորմացիայի ենթարկեց թիմը՝ հարձակման կրակագիծ տեղափոխելով Հովիկ Աբրահամյանին, իսկ փլեյմեյքերի դերը ստանձնեց Գալուստ Սահակյանը, եզրային գրոհներին պարբերաբար մասնակցում էին Արմեն Աշոտյանն ու Կարեն Ավագյանը, իսկ երբեմնի հարձակման առաջատար Տիգրան Սարգսյանը, կորցնելով արյունավետությունը, տեղափոխվեց ավելի սիրողական՝ Ամերիկայի ֆուտբոլային դիվանագիտական լիգա: Սարգսյանը հետխաղային մամլո ասուլիսներում բազմիցս նշել է, որ իր նպատակն աշխարհի կրկնակի չեմպիոն դառնալն է, որից հետո նա հրաժարական կտա, չնայած որ իր թիմը, մեղմ ասած, գրավիչ խաղ չի ցուցադրում: Սարգսյանի մասին մյուս տարի ավելի ցայտուն կխոսի Արտաշես Գեղամյանը իր գրքում՝  «Սըր Սերժ՝ 25 տարի իշխանությունում» գրքում:

Ընդդիմադիր դաշտում տեղի ունեցան մեծ թվով փոփոխություններ: Համառորեն չեն դադարում խոսակցությունները Լևոն Զուրաբյանի՝ վարձավճարով ԲՀԿ տեղափոխության մասին, չնայած վերջինիս տրանսֆերային իրավունքները պատկանում են ՀԱԿ-ին: Ժառանգության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանը թեպետ այս տարի երդում չտվեց, սակայն դեմ չէ, ըստ էության, վաճառել թիմի հենակետային Ռուբեն Հակոբյանին: Նրա ծառայություններով լրջորեն հետաքրքրված է Եռյակը: Ի դեպ, պաշտոնապես հայտարարենք, որ Գագիկ Ծառուկյանը ձեռք է բերել Եռյակ ակումը, որի ուժեղացման գործընթացը դեռ չի ավարտվել: Ի դեպ, Եռյակը կարող ա է լուրջ մարտահրավեր նետել իշխանական թիմին՝ հաշվի առնելով, որ ՀՀ հիմնադիր նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը փառահեղ կարիերայից հետո որոշել է այն ավարտել հենց եռյակում: Այստեղ տրանսֆերային քաղաքականության մենաշնորհը Տեր-ՊԵտրոսյաննին է, որը միտինգներից մեկում հայտարարեց, որ Գագիկն էլ լինի, ինքը, միևնույնն է, Ռուբիկին է ձեռք բերելու: Եռյակի ջոկեր Նաիրա Զոհրաբյանն ամեն անգամ գոլ խփելիս մոտենում է իշխանական թիմի երկրպագուներին և հրահրում նրանց, փոխարենը Վարդան Օսկանյանը մշտապես զսպվածության կոչ է անում բոլորին: Ի դեպ, իշխանական եզրային Կարեն Ավագյանը զերծ չմնաց կոպիտ սահընկումներից և այրեց Համալիրի հանդերձարաններից մեկը նյարդայնացած վիճակում: Ծանր վնասվածքից դեռևս չի ապաքինվել Պարույր Հայրիկյանը, որը թերևս կարիերան շարունակի առաջին լիգայում՝ ընկերակցելով Սոս Գիմիշյանին և Անի Զախարյանին: Տևական ընդմիջումից հետո կարիերան կարող է վերսկսել նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, վերջինս մարզավիճակը չկորցնելու համար հաճախակի մարզվում է Կրեմլի մարզաբազայում: Հայկական քաղաքական մտքի ծագող աստղ Նիկոլ Փաշինյանը դարձավ գլխավոր ռմբարկու, 4 անգամ դարձավ հեթ-տրիկի, 3 անգամ պոկերի և 2 անգամ պենտատրիկի հեղինակ, չնայած Փաշինյանի թիմը՝ Քաղաքացիական Պայմանագիրը միայն այս տարի իրավունք ստացավ մասնակցել բարձրագույն լիգային: Ի Դեպ, Փաշինյանը դարձել է իշխանական թիմի դարպասապահ Էդուարդ Շարմազանովի, պաշտպաններ Վահրամ Բաղդասարյանի և Հայկ Բաբուխանյանի մղձավանջը: Բարձրագույն լիգայից դուրս մնալու վտանգի տակ է ՕԵԿ-ը, որի սեփականատեր Արթուր Բաղդասարյանը լրջորեն դիտարկում է թիմը լուծարելու գաղափարը: ՀՅԴ-ն ինչպես միշտ միջնամասում է, սակայն սիրում է միավորներ փախցնել ընդդիմությունից: Ի դեպ, իշխանական թիմի հովանավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարել է, որ դեմ չէ գլխավորելու թիմը 2017 թվականին: Ընդհանուր առմամբ բավականին հետաքրքիր տարի էր, սակայն հանուն արդարության պետք է նշել, որ իշխանական թիմը, ճիշտ է, շատ տգեղ ու անհրապույր խաղ է ցուցադրում, սակայն նրանց խաղը կայուն է, ընդդիմադիր թիմը ընտրել է գերհարձակվողական խաղաոճ, սակայն դեռևս կաղում է համագործակցությունը, Րաֆֆի Հովհանիսյանը երբեմն հայտնվում է խաղից դուրս վիճակում: Այնուամենայիվ, 2015-ը ընդդիմության համար կարող է վճռորոշ լինել՝ վերջապես հաղթելու բաղձալի գավաթը և գահընկեց անելու իշխանական թիմին, մանավանդ, որ Սարգսյանի հրաժարականից հետո թիմում լուրջ փոփոխություններ են սպասվում, դրա մասին չի թաքցնում նույնիսկ ՀՀԿ տատին: Խոսվում է նաև խաղային ռեժիմի փոփոխության մասին, աշուն-գարուն սեզոնից անցում կատարել թեժ ամառ մոդելին, մանավադ որ այս ռեժիմը խուճապի մեջ է գցում որոշ իշխանականների: Ի դեպ, Իշխանական թիմի կոպիտ խաղի արդյունքում երկարաժամկետ շարքից դուրս են եկել տրիբունայում կողքից հանդիպումներին հետևող որոշ ազատամարտիկներ, իսկ կարգապահական կոմիտեի նախագահ Լևոն Երանոսյանը խոստացել է կտրել նրանց ականջները, եթե ներկա լինեն մյուս հանդիպմանը: Առաքել Մովսիսյանի վարորդը ողջունել է նման գաղափարը և ֆլեշմոբ անց կացրել ԱԺ պատգամավոր Արամ Մանուկյանի բնակարանի մոտ և դեմոնստրատիվ հարվածել նրան: 
Ինչևէ, գալիք մրցաշրջանը խոստանում է հետաքրքիր պայքար, մանավանդ որ վերջապես ընդդիմադիր թևում լրջագույն ֆինանսական ներդրումներ են արվում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել