Հայաստան տեղափոխվելուց հետո հաճախ էի լսում այս արտահայտությունը.« Հայերի մեջ չուզողներն ու նախանձները քիչ չեն»:

Իսկ ես ի պատասխան ասում  էի .« Չի թվում, որ այդպես լինի:Պարզապես հայերս մի  քիչ իրար փնովելու հատկություն ունենք»:

Այդպես պատասխանեցի մինչեւ այն ժամանակ, երբ բարեկամիս տանը հյուր գնացի նկատելով իրենց մաքուր ու ներկած միջանցքը՝ վերեւից ներքեւ:

Չէ՛, հաստատ այդ պահին իմ մեջ չարթնացավ նախանձն ու չուզողությունը: Պարզապես ուրախացա Հայաստանում եւս մի մաքուր միջանցքի ի հայտ գալու ու նաեւ այն բանի համար, որ որոշեցի շարունակել բարեկամիս շենքի բնակիչների ճանապարհը մեր շենքի միջանցքի ուղղությամբ:

Բարեկամս մանրամասնորեն պատմեց եղելությունն ու ի զարմանս ինձ  պարզվեց, որ «ԺԵԿ» -ի միջոցով կարելի է կարգի բերել անկարգ ու անտեր միջանցքները:

Հաջորդ օրն անմիջապես դիմեցի մեր քաղաքամասի«ԺԵԿ»-ին եւ ստացա հետեւալ պատասխանը. «Մենք ոչ բանվոր եւ ոչ էլ մասնագետ ունենք, եթե դուք ունեք ներկեք միջանցքը, իսկ մենք դրա դիմաց չենք գանձի աղբահավաքման գումարը ձեզանից, մինչեւ ծախսված գումարի մարման ժամկետը»:

Առաջարկությունը տրամաբանական էր ու գայթակղիչ:  Ուրեմն բոլոր ուժերս ի մի բերելով եւ ներշնչվելով ամենահայրենասիրական բանաստեղծություններից ու երգերի բառերից, նախ շենքի առաջին, հետո  երկրորդ,երրորդ, չորրորդ ու հինգերորդ հարկերի հարեւանների դուռը մեկ առ մեկ թակեցի  ու բոլորի դռան շեմին մեծ ոգեւորությամբ ելույթ ունեցա, մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ՝ «Հայն ու Հայաստանը երկու հավերժ անուն  միշտ էլ հաղթում են երբ որ միանում...»:

Սպասելով, որ հարեւաններից գոնե մեկը կզարգացնի այս միտքը ասելով՝ «կարմիր, կապույտ, ծիրանագույն, մեր հույս, հավատ ու սեր անհուն:Մեր միջանցքը մեր ձեռքերով պիտի ներկենք վառ գույներով»:

Բայց այդ ողջ հայրենասիրության դիմաց պատասխաններ լսեցի մոտավորապես հետեւյալ բովանդակությամբ:    

«Էհ... Ուհ...ախ.. վախ...իյա...»: 

Կարծես ամեն ինչ ասված էր:Հասկացա ինքս պիտի ձեռնամուխ լինեմ:   Կանչեցի մասնագետին ու բանվորներին ու քանի որ բյուջես  սահմանփակ էր, վերանորոգման գործողությունն էլ սահմանափակեցի առաջին հարկում ու երկրորդ հարկի որոշակի հատվածում:

Սվաղեցինք ու ներկեցինք պատերն ու վանդկաճաղերը, հատուկ խողովակի մեջ տեղադրեցինք օդից կախված բոլոր մերկ լարերը, որոնց տակով օրական մի քանի անգամ իմ ու հարեւանների երեխաններն ու թոռնիկները անցնում էին:

Բայց  ընթացքում հարեւաններից ամենանախանձն ու ամենաչդիմացողը, որ ողջ գիշեր քնելու փոխարեն հաշվարկել էր վերանորոգման մեջ ծախսված  ցեմենտի ու ավազի, սալիկների ու բանվորների գումարը միջին հաշվով ,առավոտյան կանուխ մուննաթով մոտեցավ ինձ ասելով թե.« էս ի՜նչ խաբար ա: Բա վերջերես էիք ռեմոնտ արել» (խոսքը երկու տարի առաջ տանս վերանորոգման մասին էր): Եւ առանց պատասխանի սպասելու շարժվեց դեպի աղբարկղ տանող ուղղությամբ,  ձեռքին մի տոպրակ աղբ: Մտածեցի լավ կլիներ տոպրակի հետ դեն նետեր նաեւ իր  նախանձը, որը ո՛չ իրեն է պետք, ո՛չ էլ ուրիշին:

Երրորդ հարկի հարեւանուհին անշուշտ  գիտակցում էր, որ նախանձը  աղբի պես բան է, բայց նա այդ աղբը աղբարկղ գցելու փոխարեն որոշեց վերեւից թափել ե՛ւ մեր ե՛ւ մեր ռեմոնտի գլխին, որից հետո պարտավոր եղանք նորից ներկ քսել նախանձից մրոտված պատի որոշ հատավծներ:

Իսկ նրանով հանդերձ, որ կամուրջ էինք գցել մուտքից մինչեւ առաջին աստիճան  եւ խոշոր  տառերով պատից կախել էինք հետեւյալ գրությունը.« Տախտակի վրայով քայլել մինչեւ ցեմենտը չորանա»,չորրորդ հարկի դժգոհ օրիորդը չհամակերպելով այդ «դաժան» փաստի հետ  որոշել էր իր նախանձի փառքի ծառուղում ոչ թե մատների, այլ կարմիր քյառթու կոշիկների սուր կրունկների հետքերը թողնել, որպեսզի անցորդները միշտ հիշեին, որ այդ ցեմենտի վրայից անցել է մի նախանձ հայուհի:

Ամեն դեպքում Ավարտվեց  վերանորոգման դաժան ժամանակաշրջանը: Ես գոհ ու շնորհակալ կանգնել էի միջանցքի մեջտեղում ու հիացած նայում  չորս կողմս, երբ սեւ վերարկույով մի տղամարդ մոտեցավ ու  ներկայացրեց իրեն որպես կողքի շենքի բնակիչ , որին ես չեմ ճանաչում բայց ինքն ինձ ճանաչում է:

Փող էր պարտք ուզում: Եւ երբ մերժեցի նրան, փնթփնթալով հեռացավ ասելով.«վերանորոգման համար գումար կա բայց մարդու համար ոչ»:

Այդ օրից  մի քանի գիշեր քունս չտարավ ոչ թե խղճի խայթից, այլ  վերեւի հարեւանի տնից արձակվող գըմգըմփոցների, շըրխկոցների ու դըխկոցների համար:  

Երբ մի քանի օրից վերջապես բողոքս հայտնեցի համապատասխան մարդուն, լսեցի այսպիսի մի պատասխան.« Ապե՛ բա էդքան ժամանակ ռեմոնտ էիր անում մի բան ասեցի, որ հիմա դու բողոքում ես»:

Էլ չբողոքեցի միայն հասկացա  թե ինչու՞ են ասում.« ում ուզում  ես անիծես ասա ռեմոնտ անես»:

Եւ դա ոչ թե ռեմոնտի տհաճ քաշքշուկների համար, այլ այն նախանձ օձերի, որ սողում են ռեմոնտ անող մարդու տուն որոշ հարեւանների կողմից ու նրա տուն լցնում թունավոր էներգիայով:

Հիմա մենք այդ տանը չենք ապրում: Մաքուր միջանցքը վայելում են ուրիշները:

Պարզապես ընտանիքով  երկար  չդիմացանք մաքուր ու բաց կանաչ միջանցքի նախանձոտ մթնոլորտին:Երեւի ավելի լավ էր փլված, օդից կախված մերկ լարերով  փնթի միջանցքը,որտեղ  չկար նախանձի ոչ մի նշույլ:

Միայն չգիտեմ պապիրոսների  բիչոկները, որ ռեմոնտից հետո կրկնակի ավելացել էին մեր հարկի միջանցքում ,կնոջս պարտադրելով  բիչոկ հավաքելու անցանկալի նոր աշխատանք, հիմա ո՞վ է հավաքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել