Տոնական օրերն առջևում են: Շուտով շուրջբոլորն այնքան գայթակղիչ ուտեստներ են լինելու՝ տարատեսակ խմորեղեններ, կարկանդակներ, քաղցրավենիքներ և մեղրաբլիթներ, ինչը հեշտությամբ կարող է առողջ սննդակարգից շեղել: Սակայն քաշի ավելացումը և անառողջ սնուցումը՝ տոնական օրերի հետ կապված, միակ խնդիրը չեն, քանի որ այն, ինչով սնվում ենք, կարող է նաև մաշկի տեսքի վրա անդրադառնալ:

Բազմաթիվ տոնական ուտեստներ՝ շաքարի և ճարպերի տեսքով բաղադրիչների հաշվին, կարող են մաշկի որակական հատկանիշների կորստի հանգեցնել՝ պատճառ դառնալով, որ վերջինս սովորականից շատ ճարպ արտադրի:

Մինչդեռ առողջության համար ամենաօգտակար սննդատեսակները ո՛չ միայն քաշի, այլև մաշկի որակի կարգավորմանն ու բարելավմանն են նպաստում՝ անհրաժեշտ փայլ ապահովելով:

Վատագույն սննդատեսակները

Ստորև մի քանի ուտեստներ ենք ներկայացնում, որոնք մերժել կամ փոքր չափաբաժնով ընդունել է պետք՝ մաշկի գեղեցիկ տեսքը պահպանելու համար.

Գոգլի-մոգլի. այս ավանդական ուտեստն իրենից ճարպերի ու շաքարի իսկական հանք է ներկայացնում: Դրա մեկ բաժակի մեջ 10 գրամ ճարպ՝ օրական պահանջվող պաշարի վեցերորդ մասը կարող եք գտնել, եթե օրական 2000 միավոր կալորիականությամբ սնունդ եք ընդունում: Նույն բաժակի մեջ կարող եք նաև 20 գրամ ածխաջրատներ՝ հինգ թեյի գդալ շաքար գտնել: Այդուհանդերձ, եթե չեք կարող արդեն սիրելի դարձած խիտ ու քաղցր ըմպելիքից հրաժարվել, գոնե փոքր քանակությամբ խմեք:

Սերուցքային սոուս. այս՝ երեկույթների անբաժանելի մասը դարձած սննդատեսակը ճարպերով հարուստ բաղադրիչներ է պարունակում, ինչպիսիք են մայոնեզը (մեկ ճաշի գդալի մեջ՝ 10 գրամ ճարպ) և սերուցքային պանիրը (մեկ ճաշի գդալի մեջ՝ 10 գրամ ճարպ):

Կարկանդակ. Ամանորի աղանդերի սեղանին հաճախ տարբեր տեսակի կարկանդակներ կարող են հայտնվել: Խնձորի կարկանդակի մեկ բաժինը սովորաբար 22 գրամ շաքար է պարունակում, ինչն ավելի քան թեյի չորս գդալ է կազմում: Այդուհանդերձ, եթե չեք կարող հրաժարվել, գոնե, առանց կեղևի, դդմով պատրաստվածն ընտրեք՝ այն մաշկի առողջության համար օգտակար A վիտամին և բջջանյութեր է պարունակում:

Լավագույն սննդատեսակները

Ստորև բերված սննդատեսակներն էլ կարող են մաշկի բնական փայլի պահպանմանը նպաստել.

• Բազմագույն բանջարեղենային նախուտեստներ ընտրեք՝ ամենակարևոր վիտամինների և միներալների ողջ տեսականով սնուցումն ապահովելու համար: Գազարն, օրինակ, β-կարիոտինով, ինչպես նաև A և C վիտամիններով է հարուստ:

• Օմեգա-3 ճարպաթթուներ պարունակող ուտեստներ, մասնավորապես՝ ձուկ ընտրեք: Այն կարող է մաշկի կարմրության նվազեցմանը և կոլագենի մակարդակի պահպանմանը նպաստել: Օմեգա-3 ճարպաթթվով առավել հարուստ ձկնատեսակներն են սաղմոնը, թյունոսը և լճի իշխանը:

• Ընդեղենով, մասնավորապես՝ E վիտամինով հարուստ արևածաղկի սերմով ու մաշկին առաձգականություն հաղորդող, նաև մաշկային ինֆեկցիաների դեմ պայքարի ունակ սելենիում պարունակող բրազիլիական ընկույզով սնվեք: Ընդեղենը նաև օմեգա-3 ճարպաթթուների բաղադրությամբ է աչքի ընկնում:

• Ցինկի բաղադրությամբ սննդատեսակներ ընտրեք՝ օրգանիզմում առկա բորբոքումների ծավալը նվազեցնելու համար: Խոսքը, մասնավորապես, կակաոյի, շոկոլադի, սպանախի, քեշյուի, ավոկադոյի, մոշի, ազնվամորու և հնդկահավի մսի մասին է: Բացի այդ, շոկոլադը նաև ֆլավոնոլներ՝ ազատ ռադիկալների և արևից ստացված վնասվածքի դեմ պայքարի ունակ հակաօքսիդանտներ է պարունակում, որոնք կարող են մաշկի երիտասարդ տեսքն ապահովել: Չնայած այս դեպքում նույնպես չարաշահել չի կարելի:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել