Այսօր՝ դեկտեմբերի 21-ին, լրացավ Հայաստանի Ազգային Ագրարային Համալսարանի, նախկինում Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պրոռեկտոր, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Լև ԳՐԻԳՈՐԻ ՄԻՆԱՍՅԱՆԻ 78 ամյակը:
Լ.Մինասյանը ծնվել է 1936 թվականի դեկտեմբերի 21-ին Բաքու քաղաքում: Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո աշխատել է Զանգեզուրի հանքվարչությունում որպես բանվոր:
1960 թ.ավարտել է Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտը և աշխատանքի անցել Կրասնոդարի երկրամասի Կուբանսկի պետական տնտեսությունում որպես անասնաբույծ-սելեկցիոներ: 1964թ.-ից սկսած՝ ակտիվ գիտամանկավարժական աշխատանք է ծավալել Երևանի անասնաբուծական-անասնաբուժական ինստիտուտում: 1967 թ.-ին պաշտպանել է թեկնածուական, 1979թ.-ին՝ դոկտորական դիսերտացիա:
Լ.Մինասյանը 1983թ. Աշխատել է ինստիտուտի գիտական աշխատանքների գծով պռորեկտորի պաշտոնում, ուր դրսևորվել են նրա կազմակերպչական փայլուն ունակությունները գիտահետազոտական աշխատանքների կոորդինացման և արդյունավետության բարձրացման գործում:
Լ.Մինասյանն ավելի քան 100 գիտական աշխատությունների և մենագրությունների հեղինակ է: Նրա ղեկավարությամբ պատրաստվել և հաջողությամբ պաշտպանվել են մի քանի թեկնածուական դիսերտացիաներ: Նա թեկնածուական և դոկտորական դիսերտացիաների պաշտպանության մասնագիտացված խորհուրդների անդամ էր և ոչխարաբուծության բնագավառի ճանաչված մասնագետ, մի քանի դասագրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինակ:
Կոմունիստ Լ.Մինասյանին հասուկ էին կուսակցական սկզբունքայնությունը, պահանջկոտությունն աշխատանքում, հոգատարությունն աշխատակիցների և ուսանողների նկատմամբ:
Լ.Մինասյանը խոր հարգանք էր վայելում ինստիտուտի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողության շրջանում: Սակայն 1986թ.-ի հուլիսի 17-ին Լ.Մինասյանը 49 տարեկան հասակում վախճանվեց, և Հանրապետության գյուղատնտեսական գիտությունը մեծ և ծանր կորուստ կրեց:
Լ.Մինասյանի պայծառ հիշատակն ընդմիշտ կապրի բոլոր ճանաչողների սրտերում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել