Հարցն ուղարկել է Ալինան, 36 տարեկան

Բարև Ձեզ, ես հայտնվել եմ մի երկընտրանքի առջև, որից դուրս գալու համար կարծում եմ, որ հոգեբանի կարիք եմ զգում։ Բանն այն է, որ ես ու ամուսինս երկար տարիներ ապարդյուն երեխա ունենալ փորձելուց հետո որոշեցինք որդեգրել մանկատան երեխայի։ Չպատմեմ, թե ինչ բարդությունների ու քաշքշուկների միջով անցանք, բայց արդեն տարուց ավել է, ինչ ես մի հրաշալի բալիկի մայրիկ եմ ու իրոք սիրում եմ նրան հարազատիս պես։ 

Նա դեռ փոքրիկ է, ընդամենը 3 տարեկան է ու դեռ պարտեզ էլ չենք տանում։ Սակայն ես սարսափում եմ այն մտքից, որ մի օր նա իմանալու է, որ մենք նրա հարազատ ծնողները չենք։ Մի կողմից, չեմ ուզում, որ նա ցավ ապրի, մյուս կողմից, վստահ չեմ, որ կարող եմ նրան ամբողջովին մեկուսացնել այդ ճշմարտությունից, և վաղ թե ուշ նա իմանալու է։

Հիմա երկընտրանքի առաջ եմ. չեմ ուզում, որ բալիկս երբևիցե կասկածներ ունենա ու ուրիշից իմանա, որ ինքը «վերցնովի» է, մյուս կողմից չեմ էլ կողմնորոշվում, թե երբ է պետք նրան հաղորդել այդ մասին։ Խնդրում եմ, խորհուրդ տվեք, թե ինչպես է պետք վարվել։

Պատասխանում է հոգեբանը

Հարգելի Ալինա, նախ թույլ տվեք խոնարհվել Ձեր արարքի ու Ձեր մոտեցման համար, դա իրոք շատ մարդկային ու մեր օրերում հազվագյուտ բան է։ Ինչևէ, փորձեմ պատասխանել Ձեր հարցերին։ Դուք միանգամայն իրավացի եք, որ անկախ նրանից, թե ինչ կանեք Դուք, գրեթե անհնար է ընդմիշտ թաքցնել իրականությունը։ Կյանքը ցույց է տալիս, որ ողջ հարցն ի վերջո հանգում է նրան, թե երբ ու ինչ կերպ է մարդուն հայտնի դառնում, որ իրեն որդեգրել են։

Հաշվի առնելով այն ջերմությունը, որը ես տեսա Ձեր տողերում ու մտահոգությունը երեխայի համար՝ Ձեզ կարող եմ ասել հետևյալը. անկախ ամեն ինչից, սկզբունքայն նշանակություն ունի, որ երեխան վստահի իր ծնողին՝ լինի ծնողը հարազատ, թե ոչ։ Եթե հանկարծ Ձեր երեխան իմանա այդ լուրը ոչ Ձեզանից (իսկ եթե Դուք ապրում եք մի շրջապատում, որտեղ շատերն են ճանաչում Ձեզ ու Ձեր պատմությունը, նա անպայմանորեն կիմանա դա), ապա դա կարող է խորը տրավմա դառնալ նրա համար, որն ի թիվս այլ բաների՝ կբերի նրան, որ նա նախ կդադարի վստահել Ձեզ, հետո կսկսի բարդույթավորվել։ Սա ակնհայտորեն այն չէ, ինչ Դուք կուզենայիք։

Փոխարենը, մի վախեցեք ազնվությունից։ Սպասեք, որ երեխան մի քիչ մեծանա ու հասնի այնպիսի տարիքի, որպեսզի հասկանա հարցի կարևորությունն ու իմաստը։ Երբ զգաք, որ նա արդեն բավական հասուն է, ազնվությամբ պատմեք նրան, որ Դուք նրա իսկական մայրիկը չեք, բայց անմիջապես բացատրեք, որ դա ոչ մի նշանակություն չունի ու այն հանգամանքը, որ Դուք նրան չեք ծննդաբերել, ամենևին չի խանգարում Ձեզ, որպեսզի Դուք շատ սիրեք նրան ու ուզենաք նրա իսկական մայրիկը լինել։ Մատուցեք նրան դա այնպես, ասես ինքն է ընտրություն կատարում՝ լինե՞ք Դուք նրա իսկական ծնողները, թե՞ ոչ։ Վստահաբար երեխան կընտրի Ձեզ ու երբեք չի կոմպլեքսավորվի այդ դրվագով։ Կարևորն այն է, որ նա չընկալի դա որպես ամոթալի ինչ-որ բան, որն իր վրա բիծ է թողնում։ Շրջապատեք նրան Ձեր սիրով, ու ամեն ինչ լավ կլինի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել