«Khalilzad Associates» միջազգային հարցերով խորհրդատվական կենտրոնի տնօրեն, Աֆղանստանում և Իրաքում ԱՄՆ նախկին դեսպան Զալմայ Խալիլզադի կարծիքով՝ ԱՄՆ-ը Սիրիայի հետ կապված զարգացումներում բախվել է որոշակի խնդիրների, ուստի առավելագույն չափով կարևորվել է Իրանի հետ միջուկային հիմնախնդրի շուրջ համաձայնություն ձեռք բերելը, որի արդյունքներից մեկը ենթադրվում է՝ կլինի այն, որ Թեհրանը հնարավորություն կստանա արդյունավետ մասնակցություն ցուցաբերել տարածաշրջանային գործընթացներին:

Զ. Խալիլզադը չի ընդունել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) «Ղոդս» ստորաբաժանման հրամանատար Ղասեմ Սոլեյմանիի այն միտքն, ըստ որի՝ «եթե Իրանը չլիներ, ապա ԻՇԻՊ-ը կործանած կլիներ Էրբիլը»: Դրանով հանդերձ, անհամոզիչ են հնչել Զ. Խալիլզադի հակափաստարկներն առ այն, որ հենց ԱՄՆ օդային հարվածներն են կանխել Էրբիլի գրավումը ծայրահեղ իսլամականների կողմից:

Իրաքյան քրդերը քաղաքի գրավումը կանխարգելող գործողությունների համար իրենց երախտիքի խոսքն են հղել ինչպես ԱՄՆ-ին և ԻԻՀ-ին, այնպես էլ որոշ այլ ուժերի՝ առանց հստակ տարբերակում դնելով նրանց միջև: Դա, հավանաբար, նյարդայնացրել է Վաշինգտոնին, որը չէր ցանկանա քրդերի հետ կապված գործընթացներում միևնույն հարթության մեջ հայտնվել Թեհրանի հետ:

Հաշվի առնելով «քրդական թնջուկի» լուծման համատեքստում ԱՄՆ և ԻԻՀ հակադիր պատկերացումները, ինչպես նաև իսրայելա-ամերիկյան հարաբերությունների զարգացման տրամաբանությունը՝ հազիվ թե երկարաժամկետ կտրվածքով իրականություն դառնա ԻԻՀ-ԱՄՆ տարածաշրջանային համագործակցությունը, եթե նույնիսկ դրան նպաստող հանգամանք ծառայի միջուկային հիմնախնդրի լուծումը: Լավագույն դեպքում խոսք կարող է գնալ կարճաժամկետ համագործակցության մասին, որն, իր հերթին, կլինի ԱՄՆ համոզիչ պատասխանը բոլոր այն մեղադրանքներին, համաձայն որոնց՝ «ծայրահեղական իսլամական շարժումներն ուղղորդվում են Արևմուտքից»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել