Արև ԲաղդասարյանMagaghat.am-ը գրում է․

Նարեկացի արվեստի միությունում օրերս տեղի ունեցավ «Այսպես ծագեց արևը» ֆիլմի ցուցանորը` նվիրված Արև Բաղդասարյանի ծննդյան 100- ամյակին։ Ֆիլմը բազմաթիվ հետաքրքիր դրվագներ ունի, դրանցից մեկում զետեղված են Ա. Բաղդասարյանի մոր ՝ Սիրանույշ Բաջու խոսքերը. «Նորածին աղջիկս այնքան շիկահեր ու սպիտակամաշկ էր, որ թվաց, թե շրջապատում ամեն ինչ արևի պես պայծառացավ։ Այդ պատճառով էլ անունը կնքեցինք Արև»։

1937 թվականին Արև Բաղդասարյանն ավարտել է Բաքվի տնտեսագիտական ինստիտուտը, սակայն կյանքը կապել է արվեստի հետ։
«Նրա ելույթը մեկ դերասանի թատրոն է». Ֆիլմում հերոսուհու մասին այսկերպ է արտահայտվում երգիչ, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթևոսյանը։ Ֆիլմը նկարահանվել է Արև Բաղդասարյանի որդու՝ Կարեն Ավագյանի «Այսպես էր ծագում արևը…» գրքի հիման վրա։ Բեմադրիչն է Արսեն Ասլանյանը, նա նշեց, որ իր համար դժվար էր նկարահանել այս ֆիլմը, քանի որ այն իր ընկերոջ մոր մասին է։

Ֆիլմում Ա. Բաղդասարյանի մասին կարծիք է հայտնում գեներալ-մայոր, Արցախյան պատերազմի հերոս Արկադի Տեր-Թադևոսյանը (Կոմանդոս)։ Նա ասում է, որ միշտ մեծ հաճույքով է լսում Արև Բաղդասարյանին։
Աշխարհահռչակ պարուհի Մայա Պլիսեցկայան մի անգամ ներկա լինելով հայ արտիստուհու համերգին`ասել է. «Ինչպիսի երգող ձեռքեր, կրակոտ աչքեր, տաք նայվածք։ Բեմ է նեխուժում ինչպես բոց, հեռանում` որպես հեզություն»։ Այս դրվագը ևս ներառվել է ֆիլմում։

Հեղինակները շեշտել են այն փաստը, որ Արև Բաղդասարյանի արվեստի ազդեցությունն է կրում արգենտինացի կինոաստղ Լոլիտա Թորեսը։ Նրա հետ Ա. Բաղդասարյանը ծանոթացել է արտասահմանյան համերգներից մեկի ժամանակ, արտիստուհիները երկար տարիներ բարեկամական կապեր են պահպանել։ Լ. Թորեսը հյուրախաղերի է եկել Հայաստան, նա շատ է ցանկացել հայկական որևէ երգ կատարել, և Ա. Բաղդասարյանը, չտիրապետելով իսպաներենին, կարողացել է նրան սովորեցնել «Նախշուն բաջի» երգը։
Արև Բաղդասարյանը շրջագայություններով եղել է տարբեր երկրներում՝ Հնդկաստան, Ինդոնեզիա, Պակիստան և այլն, երգել է նրանց ազգային երգերը։

Նա մահացել է 1994 թ. փետրվարի 17-ին։
Ցուցադրման ավարտից հետո Արև Բաղդասարյանի որդին՝ Կարեն Ավագյանը, պատմեց, որ մոր մահից հետո սկսել է հավաքել նրա արխիվները, այդ ժամանակ էլ ընկերները խորհուրդ են տվել, որ դրանց պահպանման լավագույն տարբերակը գիրքը կլինի: Եվ կյանքի է կոչվել «Այսպես ծագեց արևը…» գիրքը։ Այն գրված է եղել ռուսերեն, այնուհետև թարգմանվել է հայերեն և դարձել համանուն ֆիլմ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել