Դեկտեմբերի 1-ին կնքվեցին ռուս-թուրքական գազային համաձայնագրերը, որի արդյունքում Ռուսաստանը հրաժարվեց «Հարավային հոսք» գազատարից և այսուհետև Թուրքիայի հետ միասին իրականացնելու է նոր գազատարի կառուցման հետ կապված ծրագիր: Մի պահ թողնենք օբյեկտիվորեն պայմանավորված զգացմունքային վերաբերմունքը Թուրքիայի Հանրապետության նկատմամբ և հասկանանք, թե ինչ տեղի ունեցավ:
1. Այս պայմանագիրն իր աշխարհաքաղաքական և տարածաշրջանային հետևանքներով հավակնում է վերածվելու պատմական նշանակություն ունեցող իրադարձության:
2. Թուրքիան, չնայած հանդիսանալով ՆԱՏՕ-ի անդամ երկիր, միևնույն ժամանակ, հմտորեն օգտագործեց Արևմուտքի և Ռուսաստանի միջև առկա լարված իրավիճակը` իրականացնելով իր պետական շահերից բխող ինքնուրույն քաղաքականություն:
3. Ակնհայտ են այն հսկայական տնտեսական օգուտները, որը ստանում է Թուրքիան (էժան գազ, գազի տարանցիկ երկիր, ատոմակայանի հնարավոր կառուցում և այլն:)
4. Իր հերթին, Ռուսաստանը նույնպես օգտագործեց այն որոշակի հակասությունները, որ կային Արևմուտքի և Թուրքիայի միջև:
5. Հրաժարվելով «Հարավային հոսքից»` Ռուսաստանը մի կողմից պատժեց Բուլղարիային, որը, ենթարկվելով ճնշումների ԱՄՆ-ի և ԵՄ-ի կողմից, փակուղու էր բերել գազատարի կառուցման խնդիրը, մյուս կողմից էլ Թուրքիայով անցնող գազատարի կառուցմամբ, Ռուսաստանը շարունակում է գազային կախվածության տակ պահել մայրցամաքային Եվրոպային ու միաժամանակ ինքն է ազատվում այն կախվածությունից, որն ունի Ուկրաինայից՝ պայմանավորված վերջինիս տարանցիկ երկիր լինելու հանգամանքով:
6. Այս համաձայնագրերի իրականացումը կարևոր հետևանքներ կարող են ունենալ Հայաստանի համար և մեծ ազդեցություն թողնել ինչպես հայ-ռուսական, այնպես էլ հայ-թուրքական հարաբերությունների վրա:
7. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Հայաստանը մտնում է ԵՏՄ-ի մեջ, և միաժամանակ մոտենում է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը, մենք պետք է լինենք մաքսիմալ զգոն, սառնասիրտ և, աչքի առաջ ունենալով վերը նշված պետությունների օրինակը, վարենք բացառապես մեր ազգային և պետական շահերից բխող քաղաքականություն:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել