Նիկոլ Փաշինյանն օրերս հանդես էր եկել նախագահին պաշտոնանկ անելու Ազգային Ժողովի որոշման նախագիծն արտահերթ կարգով խորհրդարանի օրակարգ մտցնելու նախաձեռնությամբ: Ինչպես հիշում ենք, պատգամավոր Փաշինյանը հույս էր հայտել, որ ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչները կմասնակցեն քվեարկությանը, և նախագիծը կկարողանա հավաքել անհրաժեշտ 44 ձայները:

Ինչևէ, Ազգային Ժողովում Փաշինյանի նախագծի տապալվելուց հետո ԲՀԿ մամլո խոսնակ Տիգրան Ուրիխանյանն այսպես է ներկայացրել Եռյակի` նախագծին դեմ քվեարկելու դրդապատճառները. «Վիճակն իրատեսականորեն հետևյալն է. նրա համար, որպեսզի գործընթացը հասնի ավարտին, անհրաժեշտ է երկփուլանոց գործողություն՝ առաջին փուլում 66 ձայնի ապահովմամբ, երկրորդ փուլում՝ 88 ձայնի ապահովմամբ։ Ստացվում է, որ այդ նախաձեռնությունն ապահովելու է ընդամենը մեկքայլանոց գործողություն, և այդ իսկ քայլով ավարտվելու է անհաջողությամբ»:

Եռյակն անիրատեսական է համարում նախագիծը, քանի որ այն չի կարողանալու հավաքել անհրաժեշտ թվով ձայներ: 
Իմպիչմենթի գործընթացի տապալումից մեկ օր անց ոչ իշխանականները երեկ Ազգային Ժողովին ներկայացրեցին բոլորովին նոր «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների» մասին նախագիծ: Այնուամենայնիվ, չհավաքելով բավարար թվով ձայներ՝ նախագիծը չընդունվեց:

Այստեղ հարց է առաջանում, եթե Եռյակն անիրատեսական է համարում իմպիչմենթի նախագիծը, քանի որ չի կարողանալու հավաքել բավարար թվով ձայներ, ապա մեկ օր անց ի՞նչ ակնկալիքով էր դիմում Ազգային Ժողով` «Ընտրական օրենսգրքի փոփոխությունների» նախագիծը ընդունելու: Հաշվի առնելով, որ մեկ օրում ընդդիմադիր պատգամավորների թիվը խորհրդարանում չի ավելացել` կարելի է եզրակացություն անել. Եռյակը պարզապես քաջություն չունեցավ բաց տեքստով հանդես գալ նախագահի դեմ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել