Մայրաքաղաքում տեղացած առաջին ձյունը, բարեբախտաբար, ճանապարհատրանսպորտային վթարների կամ պատահարների պատճառ չի հանդիսացել, փողոցներն էլ երթևեկելի են: Ձյունը տհաճ անակնկալներ չի մատուցել, սակայն հատկապես վարորդներին մտորելու առիթ է տվել: Ձմեռային անվադողերը պարտադիր են և ամենակարևորը` անվտանգ: Տրանսպորտային միջոցների անվադողերը ձմեռայինով փոխարինելը մեր և դիմացինի անվտանգության ապահովման կարևոր երաշխիքներից է: Ձմռանն արձանագրվող ՃՏՊ-ների թիվը բավականին շատ է, պատճառներից մեկն էլ տրանսպորտային միջոցի եղանակին ոչ համահունչ կահավորված լինելն է: Գաղտնիք չէ, որ ռետինե անվադողեր չունենալու պատճառով հաճախակի նաև վթարներ ու արհեստական խցանումներ են առաջացնում: 
Հարգելի վարորդներ, սիրելի հայրենակիցներ, ավելորդ չեմ համարում մեկ անգամ ևս հիշեցնել, որ ոչ ձմեռային անվադողերով երթևեկելը վտանգում է նախ և առաջ ձեր կյանքը՝ միաժամանակ լուրջ խոչընդոտներ ստեղծելով երթևեկության մյուս մասնակիցների համար: Խնդրանքս է` հնարավորինս զգոնություն պահպանել խաչմերուկներում, չգերազանցել արագությունն ու անպայման պահպանել տրանսպորտային միջոցների նկատմամբ սահմանված հեռավորությունը: Եթե, այդուհանդերձ, դեռ չեք հասցրել փոխել ավտոմեքենայի անվադողերն, ապա ձեռնպահ մնացեք այն շահագործելուց: 
Նկատի ունենալով նշված հանգամանքը՝ ուժեղացվել է ՀՀ ճանապարհային ոստիկանության հսկողությունը: Մասնավորապես, առավոտյան ժամը 07.50-ից բոլոր բանուկ խաչմերուկներում, որտեղ երթևկությունը ծանրաբեռնված է, ճանապարհային ոստիկանները երթևեկություն են կանոնակարգում: Հսկողություն կիրականացվի նաև ժամը 12.30-14.30 և երեկոյան՝ 17.30-20.00: 
Կոչ եմ անում բոլոր վարորդներին երթևեկել բացառապես ռետինի անվադողերով: Անվտանգ երթևեկություն եմ մաղթում բոլորիդ ու հիշեցնում, որ երթևեկության կանոնների պահպանումը վարորդի ու երթևեկի մյուս մասնակիցների անվտանգության ապահովման լավագույն երաշխիքն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել