Քաղաքական դաշտում նախօրեին գրանցվեց հերթական արտասովոր իրադարձությունը: Ինտրիգը կապված է քաղաքական վերջին մի քանի հայտարարությունների հետ:

Օրերս լրագրողների հետ հանդիման ժամանակ վարչապետը հայտարարել է, որ իշխանությունները պատրաստ են ընդդիմության հետ համագործակցության, այդ թվում` «Եռյակի» կողմից այդքան շահարկված 10-րդ կետի` Ընտրական օրենսգրքի փոփոխության վերանայման հարցի քննարկումների շուրջ: 
Նախօրեին ԲՀԿ-ական պատգամավոր Միքայել Մելքումյանը, անդրադառնալով 12 կետերի և Ընտրական օրենսգրքի քննարկումների, ինչպես նաև իշխանությունների՝ վերանայման առաջարկին, հայտարարել է, որ իրենք այդ թեմաների վերաբերյալ որևէ պաշտոնական առաջարկ չեն ստացել:
Ստացվում է, որ նախագահը և վարչապետը առանձին-առաձին, տարբեր առիթներով հանդես են գալիս վերոնշյալ հարցերի վերանայման և համագործակցության մասին հայտարարություններով, սակայն «եռյակային հասարակության» համար դրանք որպես պաշտոնական առաջարկներ չեն դիտվում:
Իսկ ի՞նչ ասել է պաշտոնական առաջարկ. այն պետք է կնքված և զմռսված լինի հատուկ նյութերո՞վ, թե՞ հատուկ «թագավորական հրովարտակով» պետք է հնչեցվեն խնդրագին կոչեր: Սրանք ուղղակի ժպիտ առաջացնող փաստարկումներ են:
Այս քայլով «Եռյակը»` հանձինս Մելքումյանի, հերթական անգամ 12 կետերը շրջանցելու իմիտացիա է ստեղծում, փորձում իշխանությունների առաջարկը տեղափոխել քննարկման այլ հարթություն` հերթական անգամ դիալոգի թեման բեկանելու համար: Հակառակ դեպքում ինչպե՞ս կարելի է մեկնաբանել իշխանության արձագանքին նման կտրուկ ու անորոշ պատասխաններ հնարելը:
Նշվածից բացի, մի հանգամանք ևս փաստում է իշխանությունների` համագործակցության առաջնայնությունը կարևորելու մասին պնդումը:
ԱԺ-ում կայացած արտահերթ նիստի ժամանակ՝ խմբակցությունների ներկայացուցիչների հետ հանդիպմանը, Գալուստ Սահակյանը բոլորին հստակ ներկայացրել է իշխանական թևի առաջարկներն ու տեղեկացրել պատրաստակամության մասին:
Կարելի է եզրակացնել, որ «Եռյակը» դեռ չի կողմնորոշվել իր քայլերի հաջորդականության մեջ, քանի որ 12 կետերի, մասնավորապես՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության հարցի լուծմամբ նրանք ուղղակի սպառում են իրենց օրակարգը, իսկ իրենց գործողությունների ոլորտն ու հետագա քայլերը դառնում են անորոշ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել