-Ժամանակին odnoklassniki.ru-ի «աստղերից» էիր, հե՞շտ փոխեցիր հարազատ միջավայրդ ֆեյսբուքի հետ։

՞ստղ, իսկ ինչո՞վ ես վաստակեցի այդ կոչումը։ ))) Ֆեյսբուքը ևս մեկ սոցիալական ցանց էր, որում ուզում էի գովազդել ինդիվիդումը:

-Ի՞նչ ես կարծում՝ այս տարիների ընթացքում քեզ հաջողվե՞լ է odnoklassnik-ային գողտրիկ անկյուն ստեղծել ֆեյսբուքում ու ֆեյսբուք տեղափոխված բոլոր ադնակլասնիկցիներին հավաքել մեկ հարկի տակ։

-Կարծում եմ՝ Ֆեյսբուքն ընդամենն ավելի որակյալ կայք է, որը, ինչպես և odnoklassnik-ը, չունի գողտրիկ անկյուններ, քանի որ էջս բաց է բոլորի համար:

-Գրում ես հիմնականում այն թեմաներից, որոնք այդ պահին ամենաքննարկվողն են սոցիալական ցանցերում ու մամուլում, սա ուշադրություն գրավելու միջո՞ց է, թե՞ թեմայից հետ չմնալու ցանկություն:

-Իսկ 3-րդ տարբերակ ինչո՞ւ չկա, ես ուղղակի էմոցիոնալ մարդ եմ և միշտ անդրադառնում եմ թեմաներին, որոնք ազդեցություն ունեն իմ վրա… Իսկ թե դա ինչ հետևանքների է բերում, դա արդեն երկրորդական է:

-Ֆեյսբուքում ամենաշատ լայք ստացող օգտատերերից ես։ Ովքե՞ր են լայքում քո ստատուսները։

-Ծանոթները և անծանոթները, իսկ թե ինչով է դա պայմանավորված, ինքս չեմ կարող ասել, միգուցե հետաքրիր է մարդկանց…

-Ի՞նչ ես փորձում սովորեցնել մարդկանց քո գրառումներով։

-Չեմ կարծում, որ սովորեցնել բառն այստեղ տեղին է, իմ պատկերացմամբ ճիշտ կամ հետաքրքիր գաղափարներ հրապարակում եմ, իսկ եթե մարդ կգտնի, որ այդտեղ սովորելու բան կա, դա արդեն ցանկացած մարդու իրավունքն է…

-Նկատել եմ, որ հաճախ ես լիրիկական զեղումներ ունենում, նաև հաճախ ես տարբեր հայտնի գրողների աֆորիզմներ ձևափոխում և առանց սկզբնաղբյուրին հղում տալու տեղադրում քո պատին։ Սա հատո՞ւկ ես անում, թե՞ պարզապես քեզ նույն մտքերն են այցելում, ինչ տաղանդավոր գրողներին, և այս ամենը պատահականություն է։

-Տեղադրում եմ հատուկ, սակայն նյութի աղբյուրը միշտ չի, որ կարող ես նշել, քանի որ կարդում ես որևիցե մի տեղ առանց սկզբնաղբյուրի… Սակայն ես շատ հաճախ հրապարակում եմ իմ մտքերը` առանց տակը նշելու…

-Քեզ տաղանդավոր համարո՞ւմ ես։

-Արամ Անտինյանին փոխանցեք, որ, այո, համարում եմ։  )))  Իսկ կարդացողների համար պատասխանս ավելի անկեղծ է, համարում եմ ինձ ինդիվիդուալ, չեմ սիրում շաբլոններ….

Իսկ տաղանդավոր բառը շատ լայն հասկացություն է:

-Դու մի քիչ դերասան ես, մի քիչ ակտիվիստ, մի քիչ գործարար... Ո՞ր կարգավիճակն է քեզ ավելի հոգեհարազատ։ 

-Մի քիչ դերասան եմ, որովհետև ինձ շատ հետաքրքիր են նկարահանումները, մի քիչ ակտիվիստ եմ, որովհետև անտարբեր չեմ Հայաստանի ներկայի և ապագաի համար, մի քիչ գործարարի հետ կվիճեմ, քանի որ Ինդիվիդում Քասթինգն իմ հոբբին է:

-Քեզնից հաճա՞խ են հարցազրույցներ վերցնում։ Քեզ արդեն այցելե՞լ է այն միտքը, որ աստղ ես։

 -Աստղ բառը, կարծում եմ, շատ եք սիրում ու այդպես էլ չասեցիք, թե որն է ձեր կարծիքով աստղը: Թե չէ համացանցում այսօր շատ «աստղերի» կհանդիպես, որոնք մի նկարահանումից հետո ֆան-էջեր են բացում ու խնդրում լայքել…

-Սա ինչպե՞ս կբացատրես, Աշոտ: 

-Բայց ասեք, որ հետաքրքիր ա ստացվել իրա մոտ։ )))  Համարեք դա Ինդիվիդում Քասթինգի  ինքնաբուխ գովազդ։ )

-Ֆեյսբուքում ունես 5000-ից ավել ընկեր, նրանցիցի քանիսի՞ հետ ես ծանոթ իրական կյանքում և ընկերություն անու՞մ ես նաև իրականում:

-Շատ քչերի հետ եմ իրականում ծանոթ… Ինձ համար ընկեր բառը շատ խորը իմաստ ունի, և ծանոթ կամ հարազատ մարդուն դեռ չես անվանի ընկեր ...

- 5 ֆեյսբուքցի, ում հետևում ես և սպասում նրանց գրառումներին:

-Ոչ ոքի գրառումներին հատուկ չեմ սպասում, քանի որ ժամանակ չունեմ ֆբ-ից միշտ օգտվելու, ուղղակի գործի բերումով էջս միշտ բաց է… Ու մասնակցում եմ այն քննարկումներին, որոնց մեջ գտնում եմ հետաքրքրություն՝ անկախ նրանից, թե ով է դա գրում...

-Ի՞նչ անելու կամ ասելու համարձակություն չունես:

-Լավ հարց էր, եթե անկեղծ՝ ինքս էլ չգիտեմ դրա պատասխանը, եկեք չհորինեմ հիմա։ )

- Ի՞նչ կպատմես այս նկարի մասին։ Աշոտին հաճա՞խ կարելի է հանդիպել փողոցում աղբամանները մաքրելիս։ 

-Նկարը ֆլեշ մոբի նկարահանումից մի հատված է, նկարահանման համար էի մաքրում, մեզանից հասնում ա չաղտոտել մեր քաղաքը, իսկ պատկան մարմինները կանեն մնացածը:

-Ինչպե՞ս ես վերաբերվում այն մտքին, որ արած լավ բաների մասին պետք է լռել, և ձախ ձեռքդ պետք է չիմանա, թե աջն ինչ է անում։

-Նայած արած բան ու նայած՝ ոնց ես դա ներկայացնում: Եթե խոսքը գնում է բարեգործական ակցիաների մասին, ապա կարծում եմ, ասել պետք է ոչ թե այն անկյունից, որ տեսեք-տեսեք, դա ես եմ արել, այլ էն անկյունից, որ մարդկանց իրազեկում ա, ու շատերը միանում են, վառ օրինակ «Դու Միայնակ չես» բարեգործական նախաձեռնությունը, եթե նույն համացանցում չհրապարակվեր, չեմ կարծում, որ մարդիկ տեղեկացված կլինեին ու կմիանային… Իսկ իրազեկումով  հարյուրավոր մարդիկ օգնեցին, միացան մեզ  և մի քանի ընտանիքին օգնելու փոխարեն մենք օգնեցինք ավելի քան 1500 ընտանիքի…

- Ասում են՝ դեպի կինո ճանապարհն «անցնում է անկողնու միջով», բայց կարծես դու նոր մշակույթ ես թելադրում և մարդկանց թվում է, որ դեպի կինո ճանապարհն «անցնում է Աշոտ Սարգսյանին լայքելով»։ Ի՞նչ կասես այն աղջիկներին, որոնք այս ճանապարհով փորձում են ֆիլմերում կամ հոլովակներում նկարահանվելու իրենց շանսը մեծացնել։

-Հարգելիս, ցանկացած մշակույթ չես ձևավորի, եթե մարդ ինքը չուզի… Ինդիվիդում Քասթինգը ռեալ կազմակերպություն է, ու դժվար մի քանի 100 կամ 1000 լայքն ինչ-որ բան փոխի ռեալում: Այսօր հնարավորությունները փորձելու հնարավորություն ունեն բոլորը, ու դա շատ եմ կարևորում ես… Քաստինգը հենց այն փորձ-ընտրությունն է, որին մասնակցում են մարդիկ…

-Ինչի՞ն էիր հավատում քո կարիերայի սկզբում, որին այլևս չես հավատում:

-Հավատում եմ, որ ամեն մարդ, որը մեր կազմակերպության շնորհիվ կդառնա հատնի ու կհասնի իր ուզածին, չի ուրանա և չի մոռանա, թե որտեղից սկսեց... Բայց հիմա, ցավոք, չեմ հավատում, քանի որ բազմաթիվ դեպքեր եմ տեսնում, երբ հարցրազրույցերի ժամանակ ուղղակի ստում են՝ ասելով, թե ռեժիսորն էր ծանոթ, ու նա անցավ…

-Ի՞նչ երազանքներ ես ունեցել, որոնք կարողացել ես իրականացնել:

-Ես ապրում եմ երազանքում…

-Թշնամիներ ունե՞ս:

-Բացահայտ թշնամիր չեմ նկատել, սակայն, կարծում եմ, կլինեն մարդիկ, ովքեր բացասական կլինեն տրամադրված իմ հանդեպ…

-Ամենաթանկ խորհուրդը, որը քեզ տվել են, և որին հետևում ես մինչ օրս:

-Ինչ ուզում ես արա, միայն ճիշտ արա:

-Հեռախոսիդ զանգը (ռինգթոնը):

-Չունեմ, հասարակ զանգ է:

-Համակարգչիդ դեսքթոփի նկարը: 

-Փիղ է՝ բարի ու հզոր կենդանի:

-Ինչի՞ մասին ես ամենից շատ մտածում։

-Նայած  երբ՝ ընտանիք, գործեր, նոր գաղափարներ, մարդիկ, բնավորություններ ու մոտեցումներ…

-Ո՞րն է քո ամենամեծ թուլությունը, և ո՞րն է ամենամեծ ուժդ։

-Ամենամեծ թուլությունը միշտ ուժեղ լինելն է… Ամենամեծ ուժս էլ՝ անկեղծությունը….

- Ինչպե՞ս ես ազատվում բարկությունից (կամ ինչպե՞ս ես հանգստացնում քեզ, երբ բարկացած ես)։

 -Ներսս ինձ ուտելով՝ իրավիճակի անալիզ եմ անում… Նայած ինչի հետևանքով եմ բարկացել…

- Դու ուրա՞խ ես, որ դարձել ես այն մարդը, որը հիմա կաս։

-Ես Շնորհակալ եմ։

- Դու այնպիսի՞ ընկեր ես, ինչպիսին կուզենայիր ունենալ ինքդ։

-Կարծում եմ՝ այո… Քանի որ հենց այդպես էլ մտածում եմ մի բան անելուց կամ ասելուց առաջ, միշտ պետք է քեզ դնել դիմացինի տեղը, տվյալ պարագայում քո ընկերոջ ու փորձել հասկանալ՝ իսկ դու ո՞նց կվերաբերվեիր, եթե քո հանդեպ լինեին այնպիսին, ինչպիսին դու իրա հանդեպ ես …

-Հարց, որը քեզ տվել է մեր նախորդ հյուրը.  «Պե՞տք է հարսին տալ իրավունքներ, հաշվի առնել կարծիքը, թե՞ պիտի աշխատի հարմարվել ընտանիքի բարքերին, ինքը մեկն է, մնացածը` մեծամասնություն:»

-Կարծում եմ՝ մարդուն պետք է տալ ազատություն, դրանով նա ավելի կկապվի ընտանիքի հետ, քանի որ իրան լիիրավ անդամ կզգա, բացի այդ, աղջիկը պետք է աշխատի, որ դուրս գա, կյանք տեսնի, թե չէ տանը սահմանափակված ու միայն բարեկամների դեմքերը տեսնելով՝  նա անհետաքրքիր կդառնա:

-Հարց, որը դու կուղղես մեր հաջորդ մասնակցին։

-Ի՞նչ պետքական բան եք արել մեր երկրի համար:

Ծանոթացեք նաև Աշոտ Սարգսյանի ֆեյսբուքյան էջին  և բլոգնյուզյան գրառումներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել