Մեզ մշտապես խանգարում ենք հենց մենք:
Ոչ կոմպլեքս, ոչ էլ ինքնավստահություն ու ինքնախաբեություն է, դա հենց մենք ենք: Ամեն տեղ ու ամենուր մեր վատ ապագայի ու ոչ ճիշտ ներկայի մեղավորը նույնպես մենք ենք: Իհարկե, կա նաև գենետիկ նշանակությունը, բայց սա միայն մի տոկոսն է կազմում: Հնարավոր է փոխել նաև այդ գենետիկ կոդը՝  և դեպի լավը, և դեպի վատը: Եթե աշխատանքի վայրում թվում է, թե Ձեզ երբեմն ստիպում են կատարել աշխատանք, որը Դուք այդպես չէիք պատկերացնում և ըստ Ձեզ՝ դրա մեղավորը գործատուն է, ու նրա պատճառով է, որ ամեն բան այնպես չեղավ, ապա ո՞վ է խանգարում Ձեզ Ձեր մեքենայի մեջ թուրքական կլկլոցի փոխարեն լսել նորմալ երաժշտություն, ո՞վ է խանգարում Ձեզ արևածաղիկ ուտել ու չթքել հենց այն վայրում, որտեղ նաև սուրճ եք խմում, ո՞վ է խանգարում Ձեզ մաքուր պահել Ձեր սեփական տան կամ շենքի բակը, շքամուտքը:

Սրանք կոմպլեքսներ են, որոնք գնալով չարացնում են մեզ: Օրինակները շատ են: Փոխանակ մենք մեզ վրա աշխատենք ու փորձենք պաշտպանել մեր իրավունքները, փորձենք մեր խնդիրը բարձրաձայնել ու գործատուին ասել, որ մենք մեր կատարած աշխատանքի համար քիչ ենք վարձատրվում, դրա փոխարեն սկսում ենք մեր աշխատանքի վայրում փսփսալ, թե ով մեզանից ինչքան ավել կամ պակաս է ստանում, սա նույնպես կոմպլեքս է ու նաև սեփական ուժերի թերագնահատում կամ, ինչու չէ, նաև գերագնահատում:
Սեփական ես-ը չգիտակցելը ու դրան ավելի բարձր մոտենալը խնդիրների է հանգեցնում:
Մարդկային անհաջողությունների մեղավորը մարդն է, ինչպես վարպետն է մեղավոր, երբ սխալ հումք է ընտրում, ու իր կատարած աշխատանքը կեսից փչանում է: Մենք ենք նաև մեղավորը, երբ մեր շրջապատում չենք բռնում գրպանահատի ձեռքը, անբարոյականին թողնում ենք մեզ հետ նույն սեղանից հաց ուտի, երբ թացը թողնում ենք, որպեսզի խառնվի չորի հետ, ու այդպես շարունակ հազար ու մի լիքը բաներ աստիճանաբար մեզ հետ միասին աճում են ու մեզ դարձնում են իրենց պես՝ մեզ հեռացնում են մեզանից ու զրկում հենց մեր իսկական ես-ից:
Ժողովուրդ, ժպտացեք: Իհարկե, ոչ այն հիմար արտասահմանցու պես, որի մեջքին հզոր մի պետություն է կանգնած ու աչքերից անհոգություն և դեմքից էշություն է թափվում, այլ ժպտացեք դժվարությունների խորքից, ժպտացեք վերջին հարյուր դրամով անգամ՝ ոչ ոք մեղավոր չի, որ դուք խնդիրներ ունեք:
Մեր խնդիրները թամբալ գյուղացու մշակած հողի պես նման են իրար. մենք տարիների ընթացքում մեզանից չենք մաքրում մեր կողքի մոլախոտը ու մեր ոտքերի տակը հողը չենք թարմացնում ու պարարտացնում, և գնալով այդ ամենը աճում ու խեղդում են մեզ:
...Ձեր շրջապատից մաքրեք մոլախոտը, ցանեք Ձեր շուրջը ծաղիկներ ու բերրի մարդկանցով շրջապատվեք՝ մարդկանցով, որոնք Ձեզ կդնեն իրենց ուսերին, որպեսզի Դուք էլ արև տեսնեք, այլ ոչ թե չստացված ու նախանձ գաճաճի պես անընդհատ կխփեն Ձեր մեջքին, որպեսզի Դուք էլ կռանաք ու իրենց պես արևին կարոտ մնաք:
Մի չարացեք ինչ էլ որ լինի, հավատացեք՝ մանուկ բերող մայրը մեղավոր չի, որ Ձեր մոտ դեռ չի ստացվում ու սիրեք Ձեզ հանդիպած ամեն փոքր բալիկի ու փառք տվեք Աստծուն, որ գոնե նրանք կարողացել են ծնվել, և այդ ժամանակ Աստված մանուկ կպարգևի նաև Ձեզ: Հպարտացեք Ձեր ընկերոջ գործերի հաջողությամբ, դրանք Ձեր հաջողություններն են: Մի դժբախտացրեք Ձեր ընկերներին, երբ դժբախտ եք զգում Ձեզ, նրանք Ձեր վերջին երջանկության հույսն են: Սիրենք կյանքը, այն շաաաատ արագ է անցնում, իսկ դրանից հետո Աստված գիտի, թե ինչ է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել