Հայի ոգու, միասնության, ուժի, հավաքականության և այլ նմանատիպ կատեգորիաների մասին բավական շատ է խոսվել ու խոսվում նաև ներկայումս: Վստահաբար, կխոսվի նաև ապագայում: Սակայն օրինակներն իրական կյանքից բավականին քիչ են, սակայն այդ սակավությամբ հանդերձ՝ այնքան զորեղ ու խոսուն, որ կարող են կոմպենսացնել իրենց սակավությունը: Այս տարին, դժվար է ասել լավ է թե վատ, սակայն նմանատիպ օրինակներով բավականին «հարուստ» եղավ: Օգոստոսյան սահմանային լարվածությունը, արցախյան ուղղաթիռի հետ կապված օրերս ազերիական կողմի կատարած ռազմական հանցագործության հանդեպ արձագանքը և, իհարկե, այսօր սահմանամերձ համայնքներին աջակցություն ցուցաբերելու կառավարության կողմից ներկայացրած օրենքի նախագծի միաձայն ընդունումը: Այո, կզարմանաք, սակայն այսօր ՀՀ ԱԺ-ում միաձայն կերպով ընդունվեց «Սահմանամերձ համայնքների սոցիալական աջակցության մասին օրենքի» նախագիծն առաջին ընթերցմամբ: Ընդ որում, ընդունվեց 100 կողմ ձայնով, դեմ և ձեռնպահ քվեներ չկային: Ինչի՞ մասին է խոսում սա: Շատ պարզ մի իրողության: Անհրաժեշտության դեպքում մենք որպես ազգ, ժողովուրդ, հավաքականություն կարող ենք միավորվել ու միասնական կեցվածք արտահայտել: Ու այստեղ արդեն ուրախանում ես, որ քաղաքական, կուսակցական կամ այլ տարբերությունները, ինչու չէ նաև հակասությունները, երկրորդ պլան են մղվում այնպիսի կարևոր մարտահրավերների առաջ, որոնք անմիջականորեն վերաբերվում են Ազգին ու Հայրենիքին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել