Ես գիտեմ, որ դուք երբեմն ցանկություն եք ունենում պառկել ասֆալտի մեջտեղում ,  նայել երկնքին ու ասել. ՛՛Թող ամեն ինչ գրողի  ծոցը գնա. հոգնել եմ՛՛ :
Ես գիտեմ, որ  փողոցում քայլելիս դուք նայում եք ձեր շուրջն ու  փնտրում եք ինչ-որ ծանոթ հայացք, որ գոնե խոսեք,  անբնական ու կեղծ ժպտաք ու  նման՝ ձեզ համար ոչ մի արժեք չներկայացնող մարդկանցով փորձեք լրացնել այն մարդկանց բացը, որոնց կարիքն իրոք ունեք : Ես գիտեմ, ու դուք էլ գիտեք, որ դա ընդամենը հասարակ ինքնախաբեություն է :

Ես գիտեմ՝ ինչքան դժվար է նստել  գրքերի ու տետրերի, թղթերի, աշխատանքային սեղանի առաջ ու, լուրջ հայացք ընդունելով, համոզել ինքդ քեզ, որ սա կարևոր է :  Մինդեռ դու ուղղակի փողոցում թափառել ես ուզում :
Ես գիտեմ, թե ինչքան զզվելի է , երբ օրերով հեռախոսդ  լռում է: Ու չկա ոչ մի արդարացում: Քեզ ուղղակի չեն հիշում: Դու ոչ մեկին ուղղակի պետք չես: Քեզ հիշելու ժամանակ չկա : Ու ես հրաշալի հասկանում եմ, թե ինչու եք դուք ժամեր սպանում սոցցանցերում՝  թերթելով հիմար նկարներ, գրելով նամակներ մարդկանց, ում վրա  դուք, անկեղծ ասած,թքած ունեք :
Ես գիտեմ, թե ինչքան դժվար է քնել գիշերը : Մտքերը հանգիստ չեն տալիս,երբեմն կուլ ես տալիս արցունքներդ : Մնում է միայն ամուր գրկել  բարձն ու հավատալ, որ վաղվա օրն այսպիսին չի լինի : Հավատալ, բայց նաև հստակ գիտակցել, որ վաղվա օրն այսօրվա  պատճենն է լինելու:
Ես գիտեմ՝ ինչքան դժվար է լռել ու մտքում կրկնել. ՛՛Դուք ինձ ուղղակի չեք հասկանում՛՛ :
Ես գիտեմ՝ ինչպես կարելի է  մի ամբողջ երկար նամակ գրել  ու հետո ….ջնջել : Ջնջել, որովհետև հասցեատերն ուղղակի չի հասկանա: 
Ես գիտեմ՝ ինչքան դժվար է անպատասխան սիրել ու երբեմն-երբեմն ուղղակի խորը հոգոց հանել:
Ես գիտեմ այն մեծ ցանկության մասին, երբ երազում ես, որ որևէ մեկը քեզ համար  ուղղակի տաք սուրճ պատրաստի :  Իսկ տան մեջ լռություն է, սպանիչ լռություն :
Ես գիտեմ, որ դուք երազում եք ուղղակի կծկվել վերմակի տակ  ու հայացքը մի կետի սառեցնելելով ոչնչի մասին չմտածել :
Ես գիտեմ ՝ ինչպես է հավատը միքանի անգամ  փշրվում  ափերիդ մեջ : Հավատը կտոր-կտոր է լինում : Ու մարդկանց հավատալն ու վստահելը դառնում է  ուղղակի պարտադրանք. դու ուղղակի պարտավոր ես մարդկանց հավատալ ու վերջ: Իսկ հավատքի փշուրները պետք է լցնել գորգի տակ , որպեսզի ոչ ոք չտեսնի:
Ես գիտեմ, թե ինչքա՜ն բառեր կան ձեր կոկորդին կանգնած: Ինչքան շատ ասելիք ունեք ու լռում եք, որովհետև դիմացինին այդ բառերն ուղղակի հետաքրքիր չեն :
Ես գիտեմ նաև  ձեր երազանքների մասին, որոնք շատ հաճախ  թվում են անհասանելի, սպասումների մասին, որոնք շատ հաճախ չեն  կատարվում ու դուք անընդհատ հիասթափվում եք: Գիտեմ, որ երբեմն ձեզ  աշխարհի ամենաանհաջողակ  մարդն եք համարում, թվում է, թե դուք ոչնչություն եք: Դուք ամենատգեղն եք, ամենահիմարը, ձեզ մոտ ոչինչ ու  երբեք չի ստացվի :
Գիտեմ... Գիտեմ...Որտեղի՞ց գիտեմ :
Ես ուղղակի մեկն եմ ձեզնից : Ես ոչ օրիգինալ եմ, ոչ էլ տարբերվում եմ : Ես ոչնչով  չեմ առանձնանում :  Ես հասարակ եմ : Ու պարզ : Ինչ-որ մեկն ատում է ինձ, ինչ-որ մեկի  նյարդերին ուղղակի ազդում եմ : Ինչ-որ մեկն էլ երևի թե անհույս սիրահարված է ինձ, իսկ ես  նրան ուղղակի չեմ նկատում  :  Եվ այսպես շարունակ: Այսպես անվերջ :
Ու հենց սրա պատճառով էլ հասկանում եմ ձեզ ու գիտեմ՝ ինչ եք զգում : Այս ամենն ինձ էլ է ծանոթ, ինքս էլ ամեն օր բախվում եմ այս խնդիրների հետ : Ինձ էլ են արհամարում ինձ համար թանկ ու հարազատ մարդիկ, ես էլ եմ խեղդվում կարոտից : Հաճախ ես էլ եմ կարծում, որ ոչնչություն եմ , որ ոչնչի չեմ հասնի , ամենատգեղն եմ, ամենաանգրագետն եմ, բոլորն ինձնից լավն են...
Ես մեկն եմ ձեզնից ու չեմ թաքցնում դա : Մինչ շատերը փորձում են ՛՛ես ուրիշ եմ՛՛ նախադասության տակ   քողարկել իրենց հասարակ  ու պարզ լինելը,  մինչ փորձում են տարատեսակ խաղերով  գերել դիմացինին, ցույց տալ իրենց օրիգինալ լինելը, ես ուղղակի քայլում եմ փողոցում ու ժպտում եմ մարդկանց :  Որովհետև ես հասկացել եմ մի բան, որը շատերին հասու չէ . ամենաբարդ մարդիկ հենց ամենապարզ մարդիկ են, մարդիկ, ովքեր չեն խաղում, չեն ստում, չեն ստեղծում արտաքին պատնեշներ ու խոչընդոտներ : Ամենաբարդ ու օրիգինալ մարդիկ նրանք են, որովհետև մարդկային պարզությունն ու հասարակ լինելն անհատակ է : Առաջին հայացքից թվում է, թե ոչ մի հետաքրքիր բան : Մինչդեռ միքիչ երկար ուսումնասիրելուց հետո հասկանում ես, որ  այս ամենում չկան սահմաններ, ամեն ինչ ավելի քան հետաքրքիր է :
Ինչու՞ եմ գրում այս ամենը:
Գրում եմ, որ ասեմ, որ  դուք էլ ինձ պես հասարակ  եք, պարզ : Հենց դրա համար էլ  գիտեմ ձեզ  ու ձեր զգացմունքները :
Գրում եմ, որ ասեմ. այս ամենը  ժամանակավոր է : Ձեզ թվում է,որ դուք միայնակ եք ու ձեզ ոչ մեկ չի հասկանում: Բայց հիմա , երբ դուք կարդում էիք իմ գրառումը, դուք, համոզված եմ, կարող էիք ուղղակի ստորագրել իմ ամեն տողի տակ : Եթե ես կարողանում եմ  ՛՛խոսել ձեր սրտից՛՛ ,  ուրեմն՝ դուք մենակ չեք :Ուրեմն՝ ամեն ինչ կարելի է լուծել : Չկան միայնակ մարդիկ ու չլուծվող խնդիրներ : Կան միայն հիմար խաղեր ու կեղծ պատնեշներ :
Ազատեք ձեզ ամեն տեսակ  ձևերից ու, գրողը տանի, սկսեք ապրել այնպես, ինչպես ցանկանում եք : 
Ահա ամբողջը : Սա էր ասելիքս :
Ես գիտեմ, որ ձեր դեմքին փոքրիկ ու տաք ժպիտ հայտնվեց:
Ես գիտեմ, որ   ամեն ինչ շատ  ավելի բարդ ու խճճված է: Ես շատ հեշտ եմ գրում ու խոսում: Այս ամենի մասին գրելն այնքան հեշտ է...
Բայց նաև գիտեմ, որ դուք կարող եք: Ես կարող եմ: Մենք բոլորս կարող ենք ուղղակի  խորը շունչ քաշել ու գործի անցնել:
Ես գիտեմ, որ ամեն բան լավ  է լինելու:
Մի օր ինչ-որ մեկը կգտնի մեր հավատի փշուրները գորգի տակից ու  հաստատ կորոշի, որ  փշուրների օգնությամբ հավատը  վերադարձնելու է :
Մի օր մեր հարազատները կզանգահարեն մեզ ու  կասեն. ՛՛Կարոտել եմ՛՛ :
Մի օր մեր հեռախոսներն էլ չեն լռի : Մենք էլ պարտավորված չենք լինի շփվել այն մարդկանց հետ , ում հետ չենք ուզում ...
Այդ ՛՛մի օրը՛՛ շատ ավելի մոտ է, քան մենք ենք կարծում:
....Ու մի օր  կողքի սենյակից մեզ մի բաժակ տաք սուրճ կբերեն:
Ուղղակի համբերեք ու գործեք:
Ես գիտեմ՝ ամեն բան  լավ է  լինելու:
Գիտեմ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել