Tert.am-ը գրում է․

Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու Եպիսկոպոսաց ժողովը հայտարարություն է տարածել: Ինչպես հայտնում են Մայր աթոռի տեղեկատվական համակարգից՝ հայտարարության մեջ, մասնավորապես, ասված է. «Գոհություն ենք մատուցում Սուրբ Երրորդությանը՝ Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն, որ շնորհը պարգևեց` 2014 թ. նոյեմբերի 11-13-ին Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցի նախաշեմին Եպիսկոպոսաց ժողով գումարելու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում` նախագահությամբ Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի և Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսի, և քննարկելու մեր Եկեղեցուն ու ժողովրդին հուզող հարցեր:

Աղոթքով ենք հիշում Հայոց Ցեղասպանության բյուրավոր զոհերին, ովքեր նահատակվեցին վասն հավատո և վասն հայրենյաց: Հավատում ենք, որ Հայոց ցեղասպանության անմեղ զոհերի սրբադասումը հոգևոր նորոգություն և մխիթարություն է բերելու մեր ժողովրդի զավակներին: Հորդորում ենք մեր ժողովրդի աշխարհասփյուռ զավակներին՝ գործուն մասնակցություն բերել 100-ամյա տարելիցի ոգեկոչման միջոցառումներին և անմեղ զոհերի սրբադասմանը` հիշատակի նվիրական արարողությունները դարձնելով քաջալերանք հավատքի ամրության, հոգևոր կյանքի նորոգության և հայ ինքնության պահպանության:

Եպիսկոպոսաց ժողովը հրավեր է ուղղում քրիստոնյա ողջ աշխարհին՝ աղոթքով միանալու 2015 թ. Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին նվիրված հիշատակի արարողություններին` հայցելով նաև Տիրոջ օրհնությունը աշխարհում արդարության, խաղաղության ու համերաշխության հաստատման և մարդկային կյանքը փոթորկող բազում տագնապների ու մարտահրավերների հաղթահարման համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել