Ներքաղաքական իրադարձությունները մտել են բանակցային փուլ։ 
Եռյակի գործողությունների ժամանակավոր դադարը վերջին օրերին քաղաքական դաշտում դարձավ առանցքային քննարկման թեմա: 
Ուժերի ներսում առկա անհամաձայնությունը բարդացնում է Եռյակի հետագա քայլերը: Ոչ իշխանական ուժերի ներսում տիրող լարված հարաբերությունների ապացույցը Եռյակի վերջին օրերի հայտարարություններն են: 

Ակնհայտ է, որ ի տարբերություն «ՀԱԿ»-ի և «Ժառանգության»՝ ԲՀԿ-ն պահանջում է ոչ թե նախագահի հրաժարականը, այլ հարյուր տոկոսանոց համամասնական ընտրակարգի անցում, և այս մթնոլորտում տեղի է ունենում շահերի բախում: 
ԲՀԿ քաղխորհրդի նիստից հետո ՀԱԿ-ը տարածեց հայտարարություն, որտեղ ասվում էր՝ անկախ շտաբերի ձևավավորումից չդադարեցնել շարժումը Ազատության հրապարակում: Եթե հիշում ենք, ԲՀԿ-ն ընդհանուր առմամբ չէր նշել, որ երեք ոչ իշխանական ուժերի կողմից սկսած հանրահավաքները լճացման փուլում են: Այսքանից հետո ԲՀԿ-ն ակնարկ արեց, որ եթե իրենց գործընկերոջը չի բավարարում շարժման տեմպը, ապա կարող են առանձին հանրահավաքներ կազմակերպել Թատերական հրապարակում: Մասնավորապես՝ Տիգրան Ուրիխանյանը լրագրողների հետ զրույցի ժամանակ ասել է. «Շարժմանը մասնակից քաղաքական ուժերից յուրաքանչյուրի և մասնավորապես ՀԱԿ-ի իրավունքն է՝ ինքնուրույն կազմակերպել ցանկացած զանգվածային միջոցառում` ցանկացած վայրում և ցանկացած պահի»:
Նման անվստահության և ներքին կոնսեսուսի բացակայության ֆոնին իշխանությունները, սակայն, ընդառաջեցին ոչ իշխանականների պահանջին՝ համաձայնվելով բանակցության սեղանի շուրջ նստել Եռյակի հետ: Մասնավորապես, իշխանությունը պատրաստակամություն հայտնեց վերանայել ոչ իշխանականների առանցքային խնդիրը՝ կառավարությանը ներկայացրած 12 կետանոց պահանջը: 
Այս քայլով իշխանությունը ներքաղաքական իրադարձությունները տեղափոխում է բանակցային փուլ, որը սակայն Եռյակի ոչ բոլոր անդամներին է դուր գալու: Մասնավորապես, խոսքը վերաբերվում է «ջղաձգվողների» մասին շատ խոսող կառույցին:
Մի կողմից Եռյակը հնարավորություն ունի հասնել իր կողմից առաջ քաշած հիմնական խնդրի լուծմանը, իսկ մյուս կողմից բանակցային գործընթացները կառաջացնեն տարաձայնություններ Եռյակի ներսում, ընդհուպ մինչև պառակտում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել