Գուցե տեղին է հիշեցնել Գարեգին Բ-ին, որ Գյումրիում տեղի է ունեցել սարսափելի ավտովթար, որը խլել է յոթ մարդու կյանք, իսկ ևս յոթը վիրավորված են ու ամենատարբեր վնասվածքներով գտնվում են հիվանդանոցում, որոնց մեջ կան նաև անչափահասներ: Եվ, ինչպես զոհվածների ընտանիքներն ու հարազատները, այնպես էլ վիրավորները ունեն նախ և առաջ հոգևոր զորակցության, մխիթարանքի կամ ցավակցության կարիք, որն այս պահի դրությամբ նրանք դեռ չեն ստացել Ազգի Հոգևոր Հորից` Ամենայն Հայոց Կաթողիկոսից: Գուցե արժի Գարգեին Բ-ին հիշեցնել, որ կաթողիկոս լինել դեռ չի նշանակում միայն եկեղեցիներ կառուցել, այլ նախ և առաջ նշանակում է լինել Ազգի Հոգևոր Հայր: Եթե, հետևելով ոմանց օրինակին, Գարեգին Բ-ն էլ է անտեսում Շիրակն ու Գյումրին, դա այլ հարց է, թեև անհասկանալի, քանի որ անտեսողը ունի հիմնավորում, չի կարողացել տոկոսներ խփել, իսկ ինքը միշտ էլ գոնե ընդունված է եղել Հայաստանի ամենաեկեղեցասեր մարզում ու քաղաքում: Եթե Գարեգին Բ-ն էլ է Շիրակն ու Գյումրին համարում իրեն խորթ զավակ, ապա թող դա հայտարարի պաշտոնապես, որ բոլորս իմանանք ու ակամա վիրավորված կամ սրտնեղված չլինենք: Շատ անգամներ ենք տեսել հեռուստացույցից, որ հոգեհանգստյան արարողություններ են կատարվել ինչ-որ բարերարների համար, որոնք ժամանակին, իսկ այժմ էլ ամենայն հավանականությամբ նրանց ժառանգները, առատ առատ գումարներ են նվիրաբերել նրան: Գյումրին ու Շիրակը այդ հնարավորությունը չունեն, հիմա ի՞նչ, ուրեմն պետք է զրկված լինեն հոգևոր մխիթարանքից, պարզ մարդկային ցավակցությունից ու զորակցության խոսքից: Շատ անգամներ ենք տեսել, որ Երկրագնդի ամենատարբեր անկյուններում տեղի ունեցած ահաբեկչությունների պատճառով զոհվածների հիշատակի համար հոգեհանգիստ է կատարվել Էջմիածնում իր իսկ գլխավորությամբ, բարձրաստիճան պաշտոնյաների ու դեսպանների ներկայությամբ: Ուրեմն ի՞նչ, դրանք համարենք արդեն զուտ միայն քաղաքավարական ժեստ կամ նույնիսկ հաճոյանալու փո՞րձ, քանի որ Գյումրին ու Շիրակը չունեն իրենց դեսպանները, որոնց առաջ պետք է հաճոյանալ: 
Տեղին է հիշեցնելը Գարեգին Բ-ին, որ ցավակցելը վիշտ կիսել է նախ և առաջ... Երկրաշարժի ժամանակ արդեն հաջորդ օրն իսկ Վազգեն Ա-ն արտասվաթոր աչքերով՝ որպես Ազգի իրական Հոգևոր Հայր, Գյումրիում էր՝ իր աղետյալ հոգևոր զավակների կողքին: Սա էլ էլի որպես հիշեցում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել