Շիրակի մարզում երեկ տեղի ունեցած ողբերգական ավտովթարը 7 մարդու կյանք է խլել, ևս 7-ը` մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել: Սարսափելի դեպքը ցնցել է բոլորիս: Զոհվածներից յուրաքանչյուրը մի օջախի ծուխ էր, քանի ընտանիք մի վայրկյանում որբացավ, քանի մայր որդեկորույս դարձավ: 
Ամենևին էլ նախաքննության մարմնի դերը չստանձնելով և զերծ մնալով կանխակալ վարկածից, թե ինչը կարող էր պատճառ լինել նման ողբերգության, ուզում եմ, այդուհանդերձ, շեշտել արդեն հազարերորդ անգամ, որ արագության գերազանցումը ողբերգություն է ծնում: 
Երթևեկության կանոնների պահպանումը նախ և առաջ վարորդի պարտականությունն է: Մեզանից ոչ ոք իրավունք չունի վտանգել ինչպես իր, այնպես էլ դիմացինի կյանքը՝ «առաջնորդվելով» ինձ հետ չի կարող պատահել սկզբունքով: Երևի էլի կրկնված կլինեմ, եթե ասեմ, որ ղեկին պետք է նստել սթափ, տրանսպորտային միջոցը շահագործել սարքին վիճակում և էլի մի շարք տարրական կանոններ, որ գիտի յուրաքանչյուրը, բայց ցավոք կիրառում են ոչ միշտ: Ծառայության բերումով հաճախակի եմ ականատես լինում նման ողբերգական դեպքերի, նաև առաջին օգնություն ցուցաբերում: 
Հարգելի վարորդներ, հարգելի հայրենակիցներ, որպես վարորդ, ՀՀ քաղաքացի ու նաև ՃՈ առաջին սպայական գումարտակի հրամանատար, խնդրում եմ` մի խեղեք ձեր ու մյուսների ճակատագրերը, մի որբացրեք ուրիշների երջանիկ ընտանիքները, ցավ մի պատճառեք նաև ձեր ընտանիքիներին, պահպանեք անվտանգության կանոնները, զիջեք միմյանց, զգոն եղեք: 
Անփորձանք երթևեկություն: Աստված պահապան բոլորիս:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել