Այսօր ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՕՐՆ է, որի առիթով սրտանց շնորհավորում եմ բոլոր երիտասարդներին այն հաստատ համոզմամբ, որ նրանք ոչ միայն մեր անկախ պետության ապագան են, այլ նաև ներկան: Անհերքելի իրողություն է, որ այսօրվա երիտասարդը մեր հարափոփոխ աշխարհում բազում մարտահրավերների առաջ է կանգնած: Համաշխարհայնացումը, հիմնարար արժեքների փոփոխությունները և շատ անգամ դրանց սխալ մեկնաբանությունը, հասարակությունների աշխարհիկացումն ու հոգեզուրկ վճակը և առհասարակ նյութի, նյութականի հետ մարդու մեծ կապվածությունը ստեղծել են մի իրավիճակ, երբ Աստծո պատկերով և նմանությամբ ստեղծված մարդ, մոռանալով Տիրոջը, իրեն վերապահված կարևոր առաքելությունը և դառնալով ժամանակի փորձությունների գերին, ավելի ու ավելի է հակվում նյութականին` մոռանալով իր հոգու փրկության մասին: Վերոգրյալ իրավիճակի զոհ են դառնում հաճախ հենց երիտասարդները: Չպետք է մոռանալ, որ երիտասարդությունը մարդու կյանքում մի շրջան է, երբ նոր կյանք մտած անհատականությունը բախվում է զանազան խնդիրների հետ` ապագա մասնագիտության, կյանքի ընկերոջ ընտրություն, ինքնահաստատում և այլն: Չնայած երիտասարդը փորձում է հաղթահարել իր առաջ ծառացած բոլոր խոչընդոտները, բայց նաև տարվում է աշխարհիկ հաճույքներով և գայթակղություններով: Հաճախ հարստանալու մոլուցքը, մեծ կապվածությունը նյութին վնասում են ոչ միայն երիտասարդին, այլ ընդհանրապես յուրաքանչյուր մարդու: Այս ժամանակավոր կյանքում ամեն ինչ անցողիկ է, այդ թվում` նաև կուտակած հարստությունը: Բոլորս էլ մեկ օր կանգնելու ենք արդար Դատավորի առաջ և պատասխան ենք տալու մեր կատարած գործերի համար: Եվ այդ ժամանակ ոչ թե հարստությունը, շքեղ մեքենան կամ թանկարժեք բջջային հեռախոսը կփրկեն մեզ, այլ մեր առաքինի կյանքը, գործերով վկայված հավատքը և մյուս քրիստոնեական առաքինությունները: Արդար քրտինքով ձեռք բերված հարստությունը մեղք չէ, սակայն այն պետք է գայթակղություն չլինի մյուսների համար, պիտի արդյունավորվի բարեգործություններով, կարիքավորին և մերձավորին օգնելով: Բարվոք նյութական վիճակին պիտի հաջորդեն նաև հայրենաշեն և եկեղեցանվեր գործերը: Իսկ չսխալվելու մեկ միջոց կա. ինչ-որ անում ենք, պիտի անենք Տիրոջ փառքի համար, պիտի սիրենք մեր մերձավորին, հավատարիմ լինենք մեր հայրերի սուրբ հավատքին, կրողը լինենք մշտամնա արժեքների և ոչ թե դառնանք մամոնայի գերին ու ծառան: Մեզանից ոչ ոք անսխալական չէ: Մեր կյանքի ընթացքում մենք գիտակցաբար կամ անգիտակցաբար երբեմն սխալներ ենք գործում: Բայց շատ կարևոր է գիտակցել դրանք, զղջալ և ապաշխարել: Դժբախտաբար, այո´, այսօր մեր եղբայրներից և քույրերից շատերն անգիտության և զանազան այլ պատճառներով հարում են այս կամ այն աղանդավորական հոսանքին: Եվ սա երբեմն պատճառ է դառնում, որ տվյալ մարդիկ հասարակությունից մեկուսանան, ավելի ինքնամփոփ դառնան, ինչպես նաև անընկալելի իրենց հարազատների, ընկերների համար: Քաջ գիտակցելով վերոգրյալը` ամենքիս սրբազան պարտքը պետք է լինի առավել ուշադիր և հոգատար լինել նման մարդկանց նկատմամբ և մեր կյանքով, կենդանի գործերով նրանց ցույց տալ ճշմարիտ ուղին: Պետք է նաև մշտապես աղոթել նրանց համար, որպեսզի Աստված բացի նրանց սրտերն ու հոգիները և վերադարձնի լուսավորչահիմն մեր եկեղեցու գիրկը, որին փարված արդեն շուրջ երկու դար շարունակ ապրում է մեր ժողովուրդը: Երիտասարդներս, իրոք, շատ անգամ համարձակ ենք մեր քայլերի մեջ, երբեմն` ավելորդ պարծենկոտ, ինքնավստահ, բայց միշտ էլ կարիքն ունենք իմաստուն խրատի և լավ խորհրդի, քանզի չունենք բավարար չափով կենսափորձ, փորձառություն: Այս առումով շատ մեծ դերակատարություն ունեն ծնողները, եկեղեցին, պետությունը, տեղեկատվական միջոցները, հասարակությունը: Ինչ արժեքներ սերմանենք նրանց մեջ, դրանց քաղցր կամ դառը պտուղներն էլ մեկ օր պիտի քաղենք: Ուստի դեռ մանուկ հասակից երեխային պետք է ճիշտ դաստիարակել, որպեսզի նա վաղը դառնա ոչ միայն իր ծնողների պարծանքը, այլ նաև` մեր անկախ պետության, մեր եկեղեցու, մեր փոքր ածուի: Եթե յուրաքանչյուր ծնող երեխայի դաստիարակությանը մոտենա ամենայն պատասխանատվությամբ, ապա հետագա շատ խնդիրներից մենք պաշտպանված կլինենք: Բացի այդ, եթե սիրում ես մեկին, ապա չես կարող անտարբեր անցնել նրա սխալի կողքով և չզգուշացնել, եթե սիրտդ ցավում է մեկի համար, ապա չես կարող նրան չխրատել կամ չօգնել բարի խորհրդով: Հետևաբար առաջին հերթին սեր պիտի ունենանք մեր մեջ, պատրաստակամություն և կամք` ամեն ինչով օգնելու նրան, ով դրա կարիքն ունի: ՇՆՈՐՀԱՎՈՐ ՏՈՆԴ  ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել