Երբեք ոչ մեկին մի մեղադրեք։
Ովքեր իրենց կյանքում գոնե մեկ երեխա ունեն, հաստատ չեն մոռանա՝ առաջին բժշկի գնալուց սկսած, վերջացրած նրա ծնունդով: Ցանկացած պահ հուզիչ է, սրտատրոփ, երբ լսում ես թե ինչպես է բաբախում փոքրիկիդ սիրտը, նայում ես նրան էկրանից, հետո ծնվելուց հետո ձեռքիցդ ցած չէս դնում՝ հաշվելով յուրաքանչյուր մատիկը:
Հավատացեք, իսկական դժբախտություն է, երբ երեխան արատով է ծնվում: Գոնե ես շատ լավ գիտեմ, թե ինչ ասել է երեխա ու խնդիրներով: Տղաս սովորում է ներառական դպրոցում ու նրա հետ միասին այդ դպրոցում սովորող երեքհարյուր երեխաներից 80-ը տարբեր խնդիրներ ունեն՝ սկսած հենաշարժողականից, վերջացրած մտավորով: Ու հավատացեք, նրանց ծնողները հերոսներ են, որ ամեն օր պայքարում են իրենց երեխաներին ոտքի կանգնեցնելու, հասարակության մեջ ինտեգրելու դժվար գործում: Ու եթե նրանցից որևէ մեկը հրաժարվի իր երեխայից, էլի կհասկանամ: Ամեն օր տեսնել, որ քո երեխան ուրիշների նման չէ, սարսափելի դժվար է: Հոգեբանորեն է դժվար: 
Ռումբի պայթյունի պես մի բան էր, որ Երևանի հիվանդանոցներից մեկում ծնվել է առանց ձեռքերի ու ոտքի փոքրիկ: Մտածում էի, որ դժվար ապրի, բայց փաստորեն նա ավելի ուժեղ գտնվեց: Հաջորդ պայթյունը, որ ծնողները հրաժարվել են երեխայից, և նա կտեղափոխվի մանկատուն: Ու մի ամբողջ ՖԲ, որ սկսեց մեղադրել ու ամենավերջին բառերով վիրավորել ծնողներին: Վիրավորելուց առաջ կանգ առեք, մի մեղադրեք նրանց, որովհետև երբեք ոչ մեկդ չի կարող ասել, թե եթե Ձեզանից յուրաքանչյուրը նման երեխա ունենա, ինչ կանի: Նրանք իրենց ամբողջ կյանքի ընթացքում քանի երեխա էլ ունենան, միշտ հիշելու են այս փոքրիկին: Չեմ բացառում, որ կգա ժամանակ, որ նրանք միգուցե ցանկանան ետ վերցնել նրան: Բայց նաև հասկանում եմ, որ ծնողների մոտ մի մեծ հարց է առաջացել, թե ինչպես են պահելու երեխային: Մեր երկիրը հաշմանդամություն ունեցող երեխաներին հատկացնում է 19 600 դրամ ամսական թոշակ: Եվ ինչքան ու ինչ պիտի աշխատել նման երեխային ոտքի հանելու համար: Այո, եթե Եվրոպա կամ Ամերիկա լինեինք, այս երեխան փայլուն ապագա կունենար:
Այստեղ, թերևս, միակ մեղավորը բժիշկներն են: Նրանք ի՞նչ բժիշկ, ավելի շուտ «սպիտակ խալաթավոր»: Որոնց մեծ մասը փողով ընդունվում են, փողով ավարտում: Ու գլուխները դատարկ, էլի փողով հայտնվում հիվանդանոցներում: Ասում են՝ ԷԽՈ-ի բժշկին ազատել են աշխատանքից: Իսկ հղիության ընթացքը վարող բժիշկը, չէ՞ որ ամբողջ հղիության ընթացքում մայրը անալիզների մի ամբողջ շարք է հանձնում: Ու նման դեպքում խիստ կասկածում եմ, որ անալիզները մոր մոտ նորմալ են եղել: Գործից ազատելն էլ շատ քիչ է, նա մի որոշ ժամանակ հետո էլի փողով գործի կընդուվի: Ուղղակի նման դեպքում ճիշտ կլիներ այդ երեխային հանձնել հենց բժշկին, որ նա ամբողջ կյանքում արատով երեխա պահեր: Ու եթե «սպիտակ խալաթավոր»-ներից ամեն մեկը իր սխալի համար համապատասխան պատիժ կրի, մենք նման դժբախտությունները կբերենք մինիմումի: Վերջապես այս դժբախտությունից, մեր հայկական բնավորության համաձայն, եկեք շոու չսարքենք: Սա դժբախտություն է այս պատմության մեջ ներկա բոլոր մարդկանց համար: Նախ երեխայի, նա դեռ փոքր է, շատ բան չի հասկանում ու զգում, իսկ երբ դարձավ 5-6-7 տարեկա՞ն: Հետո ծնողների: 
Երբեք ոչ մեկին մի մեղադրեք.......

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել