Բարեկամներիս այցելելու համար երեկ մեկնել էի Ազատան գյուղ: Այնտեղ ժամանակին ապրել են բազմաթիվ հայ մարդիկ: Հարց կարող է առաջանալ, թե որտեղից եմ տիրապետում այդ տեղեկությանը: Պատասխանն իրականում շատ պարզ է, գյուղում նկատվում են բազմաթիվ փոքր և մեծ տներ, սակայն այդ տների կողպեքները ներսից չեն, ոնց մեր տներում է, այլ դրսից, քանի որ այդ բնակիչները մեկնել են Հայաստանից: Ցավն այն է, որ ոչ թե մեկնել են, քանի որ պատերազմ է, ոչ թե մեկնել են, քանի որ իրենց կյանքն էր վտանգված, այլ մեկնել են, քանի որ Հայաստանի իշխանությունը կարծում է, թե վեր է հասարակ հայ մարդուց: 
Հայաստանի ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2011-ից մինչև 2013 թիվը Հայաստանից արտագաղթել է շուրջ 140 հազար մարդ: Նշվածը պաշտոնական տվյալ է, ըստ բազմաթիվ մասնագետների՝ իրականում նշված ժամանակահատվածում արտագաղթել են շուրջ 300 հազար հայ մարդիկ: Պաշտոնական տվյալների համաձայն՝ Արագածոտնի մարզի գյուղերում բնակվում է 98 հազար 12 հայ մարդ, Շիրակի մարզի գյուղերում 108 հազար 59, իսկ Վայոց Ձորի մարզի գյուղերում 36 հազար 344 հայ մարդ: Հասկանալի է, չէ՞, որ 140 հազար մարդու արտագաղթը գրեթե երկու ՄԱՐԶԻ գյուղերի ամբողջությամբ դատարկվելուն հավասար իրավիճակն է: 

Վերջին շրջանում որոշ պաշտոնյաներ կրկնում են այն «միտքը», որ հայ մարդը միշտ էլ արտագաղթում է, բայց վերադառնում է: Հատուկ իրենց համար ստիպված եմ ասել, որ այդ պաշտոնական տվյալները հենց վերաբերում են 140 հազար հայ մարդկանց, որոնք չեն վերադարձել, քանի որ մեկնել են մշտական բնակության:

Իմ կարծիքն է, որ հերիք է բողոքել արտագաղթից, ժամանակն է պայքարել դրա դեմ, ժամանակն է պահանջել, որ իշխանությունը, որը պարտավորվել է յուրաքանչյուրիս համար ապահովել արժանապատիվ կյանք, տեր կանգնի իր խոստումին, ժամանակն է, որ գործազրկության ու աղքատության դեմ իրական պայքար մղվի, ոչ թե մշակվի կառավարության 100-րդ դեկլարատիվ ծրագիրը, և ամենակարևորը՝ ժամանակն է այլևս չհուսահատվել և արտագաղթել, այլ ժամանակն է վերհիշել, որ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՊԱՏԿԱՆՈՒՄ Է ԺՈՂՈՎՐԴԻՆ և, տեր կանգնելով այս բառերին, փոխել այս իրավիճակը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել